Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:00 26-10-2022

Սպառազինության մատակարարման՝ ստորագրվող-չեղարկվող  պայմանագրերի մեծ փորձ ունի Հնդկաստանը․ Վրթանեսյան

Հնդկական կայքերից վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Swathi հակահրետանային ռադարներ և Akash զենիթահրթիռային համալիրներ, ինքնաոչնչացող ԱԹՍ-ներ և այլ զինամթերք գնելու համար։ Սակայն մտահոգիչ էր մատակարարման ժամկետը՝ երկու տարի․ այսօր, երբ թշնամին ամեն օր կրակում է շփման գծում կանգնած մեր զինծառայողների ուղղությամբ, պարբերաբար՝ մեծ տրամաչափերով, ռազմական գործողությունների սրացումները սպասվում են՝ որպես ինքնին ենթադրելի զարգացում, երկու տարի հետո մատակարարվող ռազմամթերքը, թվում է, չի հասցնի ծառայել իր նպատակին։ Այս խնդրի մասին Oragir.News-ի հարցերին է պատասխանել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հարցին՝ ողջամի՞տ է այս գնումը՝ հնդկական արտադրության այս միջոցները մատակարարման երկու տարի ժամկետով, Վրթանեսյանը պատասխանեց․ «Ընդհանրապես, զենքի՝ մանավանդ, ծանր սպառազինության գնումները երբեմն տարիներ են տևում։ Նույնիսկ պայմանագիր ստորագրելը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Այսինքն՝ կարող է պայմանագիր ստորագրեն, որոշեն, որ դա երկու տարում պիտի գա, բայց հետո ինչ-որ խնդիրներ լինեն, օրինակ, սերիական արտադրության հետ, ու դա ձգվի տարիներ։ Երբեմն տարիներ ձգվելուց հետո էլ այդ պայմանագրերը չեղարկվում են։ Հնդկաստանում այդպիսի բազմաթիվ օրինակներ կան տասնամյակներով շարունակվող տենդերների, ստորագրվող-չեղարկվող պայմանագրերի մեծ փորձ ունի Հնդկաստանը»։

Ինչ վերաբերում է համազարկային կրակի Pinaka հրթիռներ գնելու նպատակահարմարությանը՝ ըստ Վրթանեսյանի, այս առումով բազմաթիվ հարցեր կան․ «Այդ համակարգերը երբեք որևէ այլ երկրի չեն վաճառվել, Հայաստանն առաջին արտերկրյա գնորդն է։ Թե ինչքանով է այդ համակարգը որակյալ, լավ աշխատում, այդ ամենը մեծ հարցականի տակ է։ Իսկ եթե երկու-երեք-չորս տարուց այդ համակարգերը հասնեն Հայաստան, դրանց արդյունավետությունը դեռ պիտի փորձարկվի»։

Վրթանեսյանը կարևորեց նաև հարցը, թե որքանով էին ճիշտ հենց ա՛յդ գնումները․ «Արդյոք մեզ հիմա հենց ա՛յդ համակարգերն էին պետք, թե նույն այդ ահռելի գումարը ճիշտ կլիներ ծախսել այլ ուղղությամբ, օրինակ, մոբիլ հրետանի գնելու կամ մեր ունեցած հրետանին մոբիլ դարձնելու ուղղությամբ, ծանր բեռնատարների վրա այդ համակարգերը դնելու ուղղությամբ։ Ես կասկածում եմ այս համակարգերի նպատակահարմարությանը՝ առավել ևս, երբ թշնամին ունի ՀՕՊ-ի արդյունավետ աշխատող համակարգ, և այս մեծ մեքենաներն ուղղակի դառնում են «Բայրաքթար»-ների շատ հարմար թիրախ»։

Արդյոք Հայաստանի հետ այս գործարքը կատարվել է զեղչով՝ հաշվի առնելով, որ մենք առաջին գնորդ-փորձարկողն ենք՝ հարցրեցինք։ «Չեմ կարող ասել, քանի որ զենքի գնումները շատ փակ են, և նույն երկիրը նույն զենքը տարբեր երկրների կարող է վաճառել մինչև երեք անգամ տարբեր գնով»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով հարցին, որ իրանական ԱԹՍ-ներ գնող երկրների նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ, իսկ Հայաստանը, կարծես, իրանական ԱԹՍ-ներով հետաքրքրված երկրների ցանկում էր, ըստ այդմ՝ ինչպիսի պատժամիջոցների մասին կարող է խոսվել, Վրթանեսյանն ասաց․ «Իրանական լրատվամիջոցներին հղում անող անհայտ տելեգրամ ալիքներ էին նշել նման ցանկ, որում կար Հայաստանը։ Որևէ իրանական լրատվամիջոցում հնարավոր չեղավ գտնել նման բան, որ Հայաստանը հետաքրքրված է իրանական հրթիռներով»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան