Երևան +10°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 21:00 15-03-2024

Հնդկաստանը մեծ ներուժ ունի. հայ-հնդկական փոխգործակցությունը հեռանկարային է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին կայացել է «Հնդկաստան-Հայաստան․ բիզնեսի հորիզոնների միավորում» խորագրով համաժողովը, որի կազմակերպիչներն էին Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն ու Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն։

Համաժողովի նպատակն էր ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին, դյուրացնել տեխնոլոգիաների փոխանցումը, խթանել երկկողմ առևտուրը և հաստատել ռազմավարական գործընկերություններ տարբեր առանցքային ուղղություններով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, կայուն տնտեսության, տիեզերական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանն ընդգծեց, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը հեռանկարային համարեց՝ նշելով, որ նման մեծ տնտեսություն ունեցող երկրի հետ փոխգործակցությունը մեծ ներուժ է պարունակում։ Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որի զարգացումը կառավարությունը գերակա է ճանաչել, Հնդկաստանը բավականին մեծ փորձառություն ունի։

Տնտեսագետը նշեց, որ ժամանակին հայ երիտասարդները վերապատրաստվել են Հնդկաստանի հայտնի ընկերություններում։ Նա ասաց, որ հնդկական ընկերությունները չափազանց գոհ էին հայ երիտասարդների կարողություններից և նրանց այնպիսի սերտիֆիկատներ էին տրամադրում, որոնք գործում էին անգամ Microsoft-ում։ Վարդանյանը նշեց, որ ճանաչում է մի մասնագետի, ով վերապատրաստվել է Հնդկաստանում և այժմ Գերմանիայում բավականին պահանջված մասնագետ է։

Մեր զրուցակիցը կարևորում է նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ կան ոլորտներ, որտեղ Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումն անհրաժեշտ է, սակայն որոշ նկատառումներից ելնելով՝ դրանք հրապարակելու կարիք չկա։ «Հեռանկարային առումով կարևոր է նաև արտադրությունների հիմնումը, որովհետև Հնդկաստանը մեզ հետաքրքրող արտադրություններ ունի, որտեղ փոխգործակցելու հնարավորություններ կան։ Ի վերջո, մեր լեզուն հնդեվրոպական է, բառեր ունենք, որոնք հնդկերենում էլ են նույն ձևով հնչում, այսինքն՝ մենք հոգեհարազատ ժողովուրդներ ենք, ուստի այս առումով հնդիկ ժողովրդին ու Հնդկաստանի կառավարությանը կարելի է վստահել, ինչպես նաև ակնկալել, որ իրենք կարող են նպաստել մեր տնտեսության այն ոլորտների զարգացմանը, որոնք ներկայումս գլոբալ մրցակցության համատեքստում կարևոր են։

Ընդ որում, դա պետք է լինի ոչ միայն տեխնոլոգիաներ փոխանցելով, այլ նաև հայ երիտասարդներին կրթելով, քանի որ Հնդկաստանը բավականին խորացել է այդ ոլորտներում և կարող է այնպիսի հմտություններ փոխանցել, որոնք փորձառության վրա են հիմնված»,- կարծում է նա։

Գագիկ Վարդանյանը նշեց, որ ժամանակին եղել է հայ-հնդկական համատեղ Հայոսկի ընկերության տնօրենների խորհրդի անդամ, որը ներդրումներ էր կատարում Հայաստանի հանքարդյունաբերության մեջ, փորձեցին նաև ներդրումներ կատարել սննդի արդյունաբերության ոլորտում։ Նրա համոզմամբ՝ նշանակություն չունի, թե կապիտալը որտեղ է ներդրվում, կարևորն այն է, թե որքան շատ եկամուտ կարող է բերել, որովհետև դա ինչ-որ տեղ նաև ազգային կապիտալ է։

«Ցանկալի է, որ հայկական ներդրումները հնարավորության դեպքում կատարվեն Հնդկաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, որոնք արագ աճող են և կարող են մեծ եկամուտներ ապահովել։ Բացի այդ, դրանով կարող են կամրջել Հայաստանի և Հնդկաստանի տեխնոլոգիական զարգացումը՝ նպաստելով ՀՀ-ի մրցունակության բարձրացմանը։ Այսինքն՝ սա պետք է մի քանի նպատակ հետապնդի, քանի որ հայ ներդրողները չեն կարող Հնդկաստանում ռեսուրսների վրա ներդրումներ կատարել, բայց մենք հաստատ ասելիք ունենք, ինչպես օրինակ՝ Չինաստանում կաուչուկի արտադրության տեխնոլոգիաներ տվեցինք»,- նշում է տնտեսագետը։

Գագիկ Վարդանյանը շեշտում է՝ Հնդկաստանի հետ պետք է հաստատվի համարժեք փոխգործակցություն։ Նրա խոսքով՝ Հնդկաստանում ներդրումներ կատարելիս պետք է հաշվի առնել, որ շուկան բավականին մեծ է, երկիրը մեկ միլիարդից ավելի բնակչություն ունի, սակայն հնարավոր է համագործակցության եզրեր գտնել։

Տնտեսագետի խոսքով՝ Հնդկաստանը ՀՀ-ի համար բարեկամական երկիր է, որտեղ թեև հայկական փոքր սփյուռքի առկայությանը, նրանց նկատմամբ միշտ բարյացկամ վերաբերմունք է եղել, ինչը կարևոր գործոն է։ «Անկախ նրանից, որ Հնդկաստանի բնակչության գուցե 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է, այնուամենայնիվ մարդիկ նորմալ ապրում են, սոցիալական հուզումներ առանձնապես չկան, ինչը վկայում է, որ մարդիկ իրենց կարգավիճակը հասկանում են, աղքատը հասկանում է՝ եթե ինքը ջանքեր չի գործադրում, բավարարվում է իր ունեցածով և այլն։ Այսինքն՝ Հնդկաստանի հետ համագործակցության լուրջ հնարավորություններ կան»,- նշեց նա։

Գագիկ Վարդանյանը հավելեց, որ Հնդկաստանում ՀՀ-ի բուհերում կրթություն ստացած շրջանավարտների լայն ցանց կա, ովքեր դարձել են մեր դեսպանները և կարող են այն միջավայրը ձևավորել, որտեղ հայ ներդրողներն իրենց լավ կզգան։ Նրա խոսքով՝ այդ ներդումները կարող են լինել հատկապես առողջապահության ոլորտում, քանի որ առանձին բժշկական ծառայությունների մասով Հայաստանն իսկապես առաջ է անցել և այդ ոլորտները կարող է նաև Հնդկաստանում զարգացնել, որի կարիքն այդ երկրում կա։

«Ի վերջո, այնտեղի շուկան շատ մեծ է, իսկ եթե նման հնարավորություններ են ստեղծվում, ապա առաջանում է նաև շահույթ, որը կարող է նաև փոխակերպվել և Հայաստանում նույնպես համապատասխան զարգացումներ ապահովել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան