copy image url
Արտաքին Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 22:30 23-02-2024

Մեծ շուկա և հնարավորություններ. հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հեռանկարային է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան մի շարք ոլորտներում խորացնում են երկկողմ փոխգործակցությունը։ Այս համատեքստում կարևոր ազդակ էր Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա, որտեղ նա մի շարք հանդիպումներ ունեցավ այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։

Փաշինյանը կարևորեց Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ: Փաշինյանը նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը վերջինս սիրով ընդունել է:

Oragir.News-ը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար, Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն, տնտեսագետ Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե հայ-ֆրանսիական տնտեսական գործակցությունն ինչ հեռանկարներ ունի։ Ի պատասխան՝ Եղազարյանը նշեց՝ եթե Ֆրանսիան շահագրգռված է այս հարցում, ապա հեռանկարներ կան։

Եղազարյանն ընդգծեց, որ Ֆրանսիան մեծ երկիր է, որի համախառն ներքին արդյունքը 3 տրիլիոն եվրո է։ «Ֆրանսիան մեծ շուկա ունի, որի հետ համագործակցելու բազմաթիվ ձևեր կարող են լինել։ Սա կարելի է միայն ողջունել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հեռանկարային համարեց՝ նշելով, որ եթե կա քաղաքական ցանկություն, ապա դրա ընթացքում նաև որոշ տնտեսական խնդիրներ էլ կլուծվեն։

Հարցին, թե այդ պարագայում որքանով է հնարավոր, որ Հայաստանում բախվեն Ֆրանսիայի և Ռուսաստանի տնտեսական հետաքրքրությունները, Եղիազարյանը պատասխանեց, որ դա քիչ հավանական է, քանի որ բազմաթիվ տեղեր կան, որտեղ Ռուսաստանը ներգրավված չէ։ Ըստ նրա՝ Ֆրանսիան, հավանաբար քաղաքական խնդիրներից ելնելով, փորձում է Հայաստանի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, որից պետք է օգտվել։

Արմեն Եղիազարյանը կարծում է, որ Ֆրանսիայի հետ տնտեսկան փոխգործակցությունը պարտադիր չէ, որ հակադրվի Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան մեծ փորձ ունի, և հնարավոր է շահերը համադրել։

«Պարտադիր չէ կոնֆրոնտացիոն դիտարկել, մեզ համար որպես տնտեսական գործընկեր ռուսներն էլ են կարևոր, ֆրանսիացիներն էլ։ Կարող է կոնֆլիկտներ լինել, բայց պետք չի այդ տեսանկյունից նայել։ Շուկա է, չէ՞, ով ուժեղ է, նա էլ կհաղթի»,- ասաց նա։

Մեր հարցին, թե ՀՀ-ն ինչ օգուտներ կարող է քաղել հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունից, տնտեսագետն առաջին հերթին հիշատակեց գիտելիքի տրանսֆերտն ու ապրանքների վաճառքը։ Նա կարևորեց նաև Ֆրանսիայից Հայաստան նոր տեխնոլոգիաների ներմուծումը, որը մեր երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։

Արմեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե հայկական ապրանքները համապատասխանո՞ւմ են եվրոպական ստանդարներին՝ արտահանում իրականացնելու համար, ինչին ի պատասխան նա նշեց, որ որոշ ապրանքներ համապատասխանում են, որոշները՝ ոչ։ Նա կարծում է, որ սա տեխնիկական խնդիր է, որը ցանկության դեպքում հնարավոր է լուծել։

Դավիթ Գույումջյան