Իհարկե՝ քաղաքականություն որոշողը պետք է անընդհատ սովորի, քանի որ նրա անտեղյակության կամ սակավակրթության պատճառով գործված սխալը կարող է աղետալի լինել։ Այս առումով՝ «Կրթվելը նորաձև է» արշավը հենց նրանց համար է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն պետք է կրթվեն, որ քիչ սխալ անեն, քիչ աղետ բերեն պետության ու ժողովրդի գլխին։ Հարցն այն է, թե որտե՞ղ կրթվեն։
Օրեր առաջ՝ հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին մեկնելու է Չինաստան՝ երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում։ Ծրագիրը դասավանդվում է անգլերեն և ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։ Իսկ հունիսի 29-ին էլ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ ամեն ամիս հիմնադրամի նախաձեռնությամբ և չինական կողմի հյուրընկալությամբ «Կրթվելը նորաձև է» շարժման մի խումբ հնարավորություն կունենա մասնակցելու ՉԺՀ-ում անցկացվող կրթական ծրագրերին, սեմինարներին, վերապատրաստումներին և այլն:
Ի՞նչ են սովորելու Աննա Հակոբյանն ու իր շարժման ակտիվիստները Չինաստանում, որտեղ ժողովրդավարությունը սահմանափակված է։
Չինաստանը կոմունիստական երկիր է։ Այստեղ բազմակարծություն, բազմակուսակցականություն չկա, ժողովրդավարությունը սահմանափակված է, մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության ինդեքսով Չինաստանը հետնապահ է։ Եթե Աննա Հակոբյանը Չինաստանում սովորելու է, թե ինչպես սահմանափակել ժողովրդվարությունը, ապա այդպիսի կրթությունն օգտակար չէ։
Չինաստանում կանանց իրավունքների հարցում նույնպես մեծ առաջընթաց չկա։ Տարիներ առաջ՝ 2013-ին, այս երկրում կոմկուսի հրամանով՝ 30-անց չամուսնացած կանանց համարեցին «հնացած ապրանք»։ Այսպիսի բանե՞ր են սովորելու Չինաստանում վերապատրաստման մեկնող հայ կանայք։
Հարկ է հուշել նաև 1966-1976-ին Չինաստանի մշակութային հեղափոխության ամոթալի պատկերը։ Այս տարիներին խրախուսվում էր կարդալ միայն Մաոյի կարմիր գրքույկը։ Խիստ գրաքննությամբ արգելված էր գրեթե ամեն ինչ, բացառությամբ հեղափոխական, կոմունիստական մի քանի անարժեք ու հակագիտական բաների։ Մշակութային հեղափոխությանը զոհ է գնացել 3 միլիոն մարդ, մեծ մասը՝ մտավորականներ, բռնաճնշումների է ենթարկվել 36 միլիոնը, որոնք փորձել էին կարդալ գրաքննությամբ արգելված գրքեր, լսել երգեր, դիտել ֆիլմեր և այլն։ Բազմաթիվ գիտակարգեր պարզապես արգելված էին։ Խունվեյբինները հրապարակավ նվաստացնում էին փիլիսոփայական գրականություն կարդացողներին։ Նույնիսկ Կոնֆուցիոսն էր փակի տակ։ Աննա Հակոբյանը մտավորականներին նվաստացնելու փիլիսոփայությո՞ւն է սովորելու Չինաստանում։
Ի վերջո՝ 44-օրյա պատերազմի օրերին Չինաստանը Արցախի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևի վրա վետո կիրառեց, թույլ չտալով կանխել Արցախի զավթումը։ 2022-ի սեպտեմբերին, երբ ՄԱԿ ԱԽ-ում քննարկվում էր ՀՀ-ի դեմ ռուս-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու հարցը, Չինաստանը ձայնակցեց Ռուսաստանին և կասկածի տակ դրեց ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Չինաստանը փորձում է առաջ մղել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը, միաժամանակ տորպեդահարում Հարավ-հյուսիս մեգանախագիծը, որն իրապես կարող է դուրս բերել Հայաստանը շրջափակումից, ապահովելով տնտեսական ազատություն ու առաջընթաց։ Այս ամենն իմանալով, ինչպե՞ս է Աննա Հակոբյանը գնում Չինաստան սովորելու։
Կարճ ասած՝ Աննա Հակոբյանը Չինաստանում կարող է վատ, վնասակար բաներ սովորել։ Եթե վարչապետի կինն իսկապես ուզում է կրթվել արտերկրում, յուրացնել այլ ազգերի գիտական ձեռքբերումները, նրացից լավ բաներ ընդօրինակել, ապա կարող էր առաջին հերթին ընտրել գիտական ավանդույթներով ու նվաճումներով հարուստ երկիր՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, որոնք հարգում են ՀՀ ինքնիշխան իրավունքները և հայերիս հետ ունեն արժեբանական ընդհանրություններ։ Եթե այս լուսավոր երկրները թողած, Աննա Հակոբյանն առաջին հերթին գնում է Չինաստան սովորելու, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ի արտաքին սխալ քաղաքականության արդյունքում ազատ աշխարհի բուհերի դռները նրա առաջ փակվել են, և նա ստիպված սովորելու է ՀՀ ազգային շահերի դեմ գործած, ՀՀ ինքնիշխան իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները չհարգած, չինացի մտավորականների սպանդ իրականացրած երկրում։
Թաթուլ Մկրտչյան