Այսօր՝ հուլիսի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների, որոնց թվում եղել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ, սպանության և դաժան ծեծի ու վնասվածքների կապակցությամբ։
Այս մասին նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նոտայում նաև կտրուկ բողոք է արտահայտվել ադրբեջանցիների հարցաքննության ընթացքում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների և նվաստացուցիչ գործողությունների կիրառման դեմ։
Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը պահանջել է, որ Ռուսաստանը անհապաղ միջոցներ ձեռնարկի այդ հարձակումների համապարփակ և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության։