Երևան +12°
copy image url
Խոսք 1 տարի առաջ - 13:05 07-10-2022

Խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել մինչև տարեվերջ․ Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն արագացել է։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած քառակողմ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում Ալիևը նշել է, որ իրենք առաջարկել են, որ աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օր շարունակ աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու համար։

Ադրբեջանի նախագահը այս հարձում բարձր է գնահատել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքը։ Նրա խոսքով՝ իրենք Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են ունեցել և ամեն անգամ մի փոքր ավելի են մոտեցել խաղաղության հաստատմանը։ «Շփումները դեռ շարունակվում են: Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել ճաշից հետո: Այժմ խաղաղության գործընթացը արագացվել է»,- ասել է Ալիևը։

Վերջինս հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջին հանդիպումներն են անցկացրել՝ նշելով, որ այս հանդիպումները չպետք է ընդհատվեն։ Նա հավելել է, որ առաջիկայում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կրկին կհանդիպեն։ «Մենք առաջարկել ենք, որ երկու երկրների աշխատանքային խմբերը հանդիպեն և մի քանի օր աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստելու շուրջ։ Մեր մտադրությունն այսպիսնն է»,- նշել է նա։

Ադրբեջանի ղեկավարի համոզմամբ՝ եթե Հայաստանը ցանկանա, ապա խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել մինչև տարեվերջ։ Նա նշել է, որ որքան շատ ժամանակ է անցնում, այնքան նախաձեռնությունները դժվարությամբ են իրականացվում։ Ալիևը ընդգծել է, որ թեև արտգործնախարարների առաջին հանդիպումը իր խոսքով կոնկրետ արդյունքներ չտվեց, այնուամենայնիվ հանդիպումը դրական է համարել։

«Կարծում եմ, որ եթե որոշումն ընդունվի մոտ ապագայում, երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա, մինչև տարեվերջ մենք կկարողանանք համաձայնության գալ»,- հավելել է նա։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների շուրջ որևէ կողմ՝ այդ թվում նաև Հայաստանը առարկություն չունի։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «ողջ միջազգային հանրությունն այժմ հստակ գիտակցում է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Ինչ վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա Ալիևը ասել է, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են։ «Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում նրանց ճակատագիրն ու հետագա կյանքը քննարկել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Սա մեր ներքին գործն է»,-ասել է Ալիևը։

Ալիևը հավելել է, որ Արցախի բնակիչները Ադրբեջանի կազմում կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Նա վստահեցրել է նաև, որ «ադրբեջանական հասարակության մեջ իրենց ինտեգրված կյանքը շատ ավելի լավն է լինելու, քան ներկայիս ապրելակերպը»։

Ադրբեջանի ղեկավարը նաև մեղադրել է հայկական կողմին՝ հայկական զինված ուժերը Արցախի տարածքից դուրս չբերելու համար։ Նրա խոսքով Բաքուն պահանջում է դուրս բերել զորքերը «իր տարածքից»։ Ալիևը ասել է, որ հայկական ուժերի մի մասը արդեն դուրս է բերվել Արցախից՝ հույս հայտնելով, որ մյուս զինծառայողները նույնպես դուրս կբերվեն։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com