Ներքին Խոսք 48 րոպե առաջ - 15:53 24-10-2026

Իշխանությունները լռեցնում են Արցախի ձայնը. արցախցիները մեկուսացվել են COP17-ից

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արցախի ձայնը՝ լռեցված. COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին, իսկ Արցախի բնիկ ժողովրդի ու կենսաբազմազանության հարցերը լրիվ անտեսված են Հայաստանի հյուրընկալած այս միջազգային համաժողովում․ գրել է Արտակ Բեգլարյանը։

Թե ինչով է պայմանավորված նման վերաբերմունքը, Oragir. News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ արցախցի հանրային գործիչներից։

Արցախի նախկին պետնախարար և ՄԻՊ Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում բացահայտեց խնդրի քաղաքական ենթատեքստը՝ ուղիղ մատնանշելով պատճառները․ «Ենթադրում եմ, որի մասով ուղիղ ապացույց չունեմ, որ պատճառը այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկացել Արցախի թեմատիկան որևէ կերպով ներկայացված լինի COP17-ում, բայց չեմ կարող հստակորեն ասել, թե որոշումները ինչպես են կայացրել։ Ամեն դեպքում ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ձևերով փորձում են մեր ձայները լռեցնել»,- ասաց Բեգլարյանը։

Արցախցի հասարակական գործիչ, ակտիվիստ Սայիդա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդիրը խորքային է և համակարգված։

«Խնդիրը նրանում է, որ COP17-ի շրջանակներում հնարավորինս չեզոքացրել են և մեկուսացրել են արցախցիներին և ընդհանրապես, ինչը որ վերաբերվում է «Արցախ» բառին...Մենք մի խումբ ակտիվիստներով մի քանի օր առաջ հենց կառավարության առջև մի փոքր հավաք արեցինք, որտեղ հիմնավորում էինք, որ ինչքան կարևոր է այս մեր միջոցառման մեջ նաև Արցախի բազմազանությունը լինի։ Փոքրամասնություններ, որոնք անգամ ամբողջ աշխարհում և նույնիսկ ճանաչված չէին, բայց COP17-ում իրենց մասնակցությունը հաստատված էր, իսկ «Արցախ» բառի հետ կապված որևիցե միջոցառում պետության կողմից միանշանակ բոյկոտվել է»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Ակտիվիստի խոսքով՝ կառավարությունն աջակցելու փոխարեն միայն խոչընդոտներ է հարուցում, ինչի պատճառով իրենք ստիպված նամակներ են հանձնել տարբեր կառույցների, այդ թվում՝ Շվեդիայի հյուպատոսությանը։

Անդրադառնալով արցախցիների վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմներին՝ Սայիդա Պողոսյանը շեշտեց՝ առանց ՀՀ պաշտոնական պահանջատիրության, ցանկացած ջանք անպտուղ է. «Միջազգային իրավունքի տեսանկյունից, դուք գիտեք, եթե քո պետությունը պահանջատեր չէ, ապա 150 000 կամ 200 000 մարդ դրա մասին բարձրաձայնելով խնդիրը չի լուծվելու։ Սա պետք է լինի պետության պահանջատիրությունը, որը, ցավոք, այսօրվա իշխանությունները ասում են՝ ոչ մի Արցախ վերադարձ, Արցախ չկա, մոռանում ենք Արցախ բառը, անգամ այն տեղերը, որտեղ Արցախ բառը շոշափվում է, ոչ մի միջոցառում կամ հասարակական գործունեություն չի հաստատվում»։

Չնայած այս համատարած արգելքներին ու քաղաքական ճնշումներին՝ արցախցի ակտիվիստները չեն պատրաստվում լռել։ Առաջիկայում նախատեսվում է մոտ 20 հոգանոց մեծ միջոցառում, որի նպատակը նույնն է՝ կրկին բարձրացնել Արցախի մշակույթի և արցախցիների իրավունքների հարցը։

COP17-ը կարող էր դառնալ Հայաստանի հաղթաթուղթը՝ աշխարհին ցույց տալու Արցախում Ադրբեջանի իրականացրած մշակութային ու էկոլոգիական վանդալիզմը, սակայն, ինչպես ցավով նշեց բանախոսը. «Այս հարթակը մենք, ցավոք, ի օգուտ մեզ չենք օգտագործել, և COP-ը չի ծառայել մեզ։ Ես չգիտեմ՝ վերջում մենք ինչ ենք շահելու, բացի հսկայական պարտքերը, որ կուտակել ենք»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին