Երևան +19°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:34 25-07-2022

Ինչ փոփոխություններ են սպասվում զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող օրենքում․ մեկնաբանում է փորձագետը

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանը հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով նախատեսված փոփոխություններին և զեղչ հասկացության սահմանմանը, ասաց. «ՀՀ օրենսդրությունը զեղչ հասկացություն չէր սահմանում, այսինքն՝ զեղչը սահմանվում էր միայն հարկային օրենսգրքով, ընդ որում հարկելու համար։ Սպառողների իրավունքի պաշտպանության տեսանկյունից զեղչ տերմինի կիրառության հետ կապված հասկացությունը որպես այդպիսին օրենսդրական սահմանում չուներ, և հետևաբար բիզնեսմենները կամայական մոլորեցման հնարավորության ունեին, և մրցակցային մարմինը սանկցիաներ կիրառելու հարցում իրավական բազա չուներ, կամ այդ բազան թույլ է»։

«Ապրանքի գինը կարող էր 10 000-ից դառնար 20 000, հետո 20 000-ը զեղչվեր 40 տոկոս՝ դառանար 12 000։ Այսինքն՝ 10 000 ապրանքը 12 000-ով է դրվում, մի հատ էլ ներկայացվում է, թե վաճառվում է 40 տոկոս զեղչով։ Շուկայում այնպիսի իրավիճակ է, որ ավելի շատ գովազդ է նկարվում ոչ թե արտադրողների, բռենդերի կամ ծառայությունների մասին, այլ գովազդ է նկարվում զեղչերի մասին»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով․ «Ավելին, հասել ենք մի այնպիսի իրավիճակի, որ արդեն զեղչ չանելու մասին են սկսել գովազդ նկարել։ Մենք որոշակի իմաստով գործ ունենք չարաշահման հետ, այսինքն՝ մեզ պետք է իրավական գործիքակազմ և համապատասխան գործողություն իրականացնել՝ այս ամենը կանխելու համար։ Հիմա այդ գործիքակազմը մի բան է, գործիքակազմի կիրառությունը մեկ այլ բան»։

Պիպոյանը, անդրադառնալով կատարվելիք փոփոխության ընթացքին, ասաց. «Ես երկար տարի խոսել եմ, որ դա պետք է սահմանվի, մրցակցային մարմնի քննարկումները եղել են, բովանդակային իմաստով խնդիրներ չեմ նկատել, մի քանի տեխնիկական թերություններ, որոնք նկատել եմ, արագ շտկվել են, այնտեղ կան թվեր, որոնք, ըստ էության, եթե ես կարծիք հայտնեմ, մեկի համար կլինի վատը, քանի որ այն մի քիչ ավելի սպառողական կլինի, իսկ ես կուզեի մի քիչ բիզնեսի շահերի տեսանկյունից պաշտպանությունն էլ հաշվի առնել և մի փոքր այդ թվերը հաշվի առնել։ Ամեն դեպքում բալանսավորված լուծումներ գտնել հնարավոր է։ Իսկ ինչ վերաբերում է գործիքի կիրառմանը, մեքենա ունենալը մի բան է, մեքենա վարելն այլ բան է։ Պետք է գործիքը տալ, հետո տեսնել՝ գործիքը ինչպես են կիրառում»։