Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթել է Արմեն Բեգոյանը: Այս մասին Oragir.news-ին փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանից։
Նշենք` Արմեն Բեգոյանը զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Նա այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա մարտին: ՀՈԱԿ-ը Բեգոյանը ղեկավարել էր նաեւ 2019-2020 թվականներին: Դրանից հետո նա զբաղեցրել էր Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը:
Արմեն Բեգոյանը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել որոշ ժամանակ առաջ, երբ հայտարարել էր, որ Հայկ Մարությանի կնոջ հետ կոնֆլիկտ ունի։ «Քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ ոչ բոլոր հարցերում եմ իրենց հետ համաձայնել, մասնավորապես, դեպի ինձ ուղղորդված կադրերի հարցում»,- ասել էր Բեգոյանը։