Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:06 02-06-2022

ԿԳՄՍՆ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել Արցախի համապատասխան նախարարության պատվիրակության հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը և Միքայել Համբարձումյանը: Ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի և Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագիծը, հանրակրթության ոլորտի բարեփոխումները, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների խնդիրները, հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն առնչվող հարցեր:

«Արցախի Հանրապետության համար այս դժվար պահին մեզ համար կրթական գործընթացի անխափան կազմակերպումն ու մշակութային արժեքների պահպանությունն առաջնային խնդիրներ են, և այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Ըստ աղբյուրի՝ նա մասնավորապես առանձնացրել է կրթության ռազմավարության նախագծով նախանշված բարեփոխումները, ինչպես նաև հանրակրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնք զուգահեռաբար պետք է տեղայնացվեն նաև Արցախում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կրթության ռազմավարության նախագծի մշակումն արդեն ավարտական փուլում է. առաջիկայում այն կհաստատվի Կառավարության կողմից և կներկայացվի ՀՀ ԱԺ քննարկմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ` Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, կընդունվի նաև ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը` մինչև 2030 թվականի համար: Միջոցառումների ծրագրի հաստատմամբ՝ կամրագրվի կրթության ոլորտում ըստ տարիների ներդրումների կատարման պետության հանձնառությունը:

Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր հերթին նշել է, որ ընդունվելուց հետո Կրթության ռազմավարությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ կտեղայնացվի նաև Արցախում՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության կրթության և գիտության համակարգի խնդիրներն ու առանձնահատկությունները:

«Հայաստանի և Արցախի նախարարությունները արդյունավետ համագործակցել են 2020 թվականի պատերազմի չափազանց դժվար օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ Արցախի երեխաները գտնվում էին Հայաստանում, և առաջնային խնդիր էր նրանց կրթության շարունակականության ապահովումը: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի երեխաների կրթությունը հնարավորինս չընդհատվի»,- փաստել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` շեշտելով երկու նախարարությունների համագործակցության կարևորությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արցախի ԿԳՄՍ նախարարի առաջարկով՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը և դրա արդյունքում ուսուցչի աշխատավարձի բարձրացման համակարգը:

Անդրադառնալով Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին` նշվել է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող շուրջ 2 հազար հայկական պատմամշակութային կոթողները և ավելի քան 20 հազար թանգարանային ցուցանմուշները գտնվում են ոչնչացման վտանգի առաջ: Դրանց պահպանության հարցն օրախնդիր է:
«Նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցը բարձրաձայնում է միջազգային կառույցների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում: Խնդրի մտահոգությամբ պայմանավորված՝ Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի պատվիրակության գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների աշխատանքային այցերը և քննարկումները ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական բնույթ են կրում, վստահեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի