copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:19 23-05-2022

ԵՊՀ գիտխորհրդի նիստում Արցախի հարցն այդպես էլ չընդգրկվեց

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Ես ինքս այդ հարցը մեր ղեկավարության հետ քննարկեցի, ասացի՝ լավ կլինի, որ անենք, ասացին՝ կտեսնենք․ այդպես էլ գիտխորհրդի քննարկման հարց չդարձավ»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, գիտխորհրդի անդամ Մարատ Գրիգորյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու ԵՊՀ գիտխորհրդի վերջին նիստի օրակարգ չմտավ Արցախի վերաբերյալ հայտարարության ընդունման հարցը։

Իսկ մեր ճշգրտմանը, թե որն էր պատճառը, որ այդ հարցը այդպես էլ գիտխորհրդում քննարկման հարց չդարձավ, Գրիգորյանը պատասխանեց. «Դրանք կարող են միայն ենթադրություններ լինել, ես ոչինչ չեմ կարող ասել»։

Մեր այն դիտարկմանը, թե այն մարդիկ, որոնք համալսարանում մի քանի տարի առաջ խոսում էին Արցախի անկախացումից, հիմա չեն ուզում Արցախին վերաբերող որևէ հարց ներառել ԵՊՀ գիտխորհրդի նիստում, Գրիգորյանն ասաց. «Բացառված է։ Ես միշտ խոսել եմ Արցախի անկախացումից, այսօր էլ պայքարում եմ դրա համար և դրա կողմնակիցն եմ, և այդ հարցերում իմ կարծիքը միշտ արտահայտել եմ ամենաբարձր մակարդակով՝ առանց որևէ մեկից թաքցնելու և վախենալու։ Հիմա էլ ասում եմ՝ Արցախն առանց անկախության գոյություն չունի։ Սա իմ կարծիքն է եղել։ Բոլորի մոտ ես ազատ եմ խոսում և բոլորը այդ կարծիքին են», - նշեց Գրիգորյանը, ապա ավելացրեց․ «Դժվար թե այսօր համալսարանում գտնենք որևէ ռեալ մարդ, որը Արցախի անկախացմանը կողմ չէ և այդ գաղափարի համար չի պայքարում»։

Նույն թեմայի շուրջ ինֆորմացիա ստանալու համար Օragir.news-ը կապ էր հաստատել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, գիտխորհրդի անդամ Ռուբեն Մելքոնյանի հետ, որն ի պատասխան մեր հարցին, թե ինչու ԵՊՀ գիտխորհրդի նիստում օրակարգ չմտցվեց Արցախի վերաբերյալ հայտարարության ընդունման հարցը, պատասխանեց. «ԵՊՀ գիտխորհրդի հետ կապված որևէ հարց ինձ չտաք, հրաժարվում եմ պատասխանել, կան մարդիկ, որոնք այդ հարցին կպատասխանեն, դիմեք նրանց»,- ասաց Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ մի քանի դեկաններ փորձել են ԵՊՀ գիտխորհրդի վերջին նիստի օրակարգ մտցնել Արցախի վերաբերյալ հայտարարության ընդունման հարցը, բայց այն օրակարգ մտցնելու համար բավարար ձայներ չի հավաքվել։ Մոտ իննսունհոգանոց գիտխորհրդում երեսուն հոգի չի գտնվել, որ կարծում է, թե Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ԵՊՀ ռեկտոր նշանակված Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում արդեն կարողացել է վախի մթնոլորտ ձևավորել։

Ամենից շատ դիտված