Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:29 30-04-2022

Հայ առաքելական եկեղեցին գիտակցում է պահի օրհասականությունը. Ավետիք Չալաբյան

5165 շարժման անդամ, հանրային գործիչ Ավետիք Չալաբյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Եռաբլու գնալու, այնուհետև Արցախի դրոշով երթ անելու նպատակն այն է, որ սկսեցին այն կետից, որը մեր պետության, ժամանակակից, ամենախորհրդանշական վայրրն է, որը մեր հզոր ուժի կուտակումն է համարվում, այն մեր հերոս տղաների հավաքական հուշարձանն է, քանի որ նրանք պայքարել են հանուն մեր անկախության։

Չալաբյանը, պատմական ակնարկ անելով 1918 թվականի՝ առաջին հանրապետության ժամանակաշրջանի մասին, ասաց, որ երբ թշնամին հասել էր Սարդարապատ և գտնվում էր մի քանի կիլոմետր հեռու, Էջմիածնի հոգևորականությունը հնչեցրեց եկեղեցու զանգերը և կոչ արեց ամբողջ ժողովրդին ոտքի կանգնել ու կենաց-մահու կռիվ տալ։

Չալաբյանի խոսքով՝ Էջմիածինը, ի վերջո, մեր սիրտն է, հոգեղենության, հավատի կարևորագույն հենասյունն է. «Մենք այսօր եկել ենք Էջմիածին ու ունենք այն զգացողությունը, որ թշնամին գտնվում է մեր հայության սրտից ընդամենը տասը կիլոմետր հեռավորության վրա։
Թշնամական զորքը դեռ չի եկել Էջմիածին, բայց թշնամու գործակալները սկսել են մեր շուրջը հուսալքություն, վախ ու խուճապ տարածել՝ հենց մեր երկրում գործող թշնամու գործակալները, ովքեր տարիներ շարունակ թշնամու գրանտներից են սնվել։ Նրանք բարեկամության, խաղաղության ու կեղծ լոզունգների անվան տակ փորձում են մեզ ծնկի բերել։ Մենք պետք է երկիրը մաքրենք պարտվողականությունից ու թուլամորթությունից։ Ի վերջո, հայ առաքելական եկեղեցին ՀՀ-ում գործող այն քիչ կառույցներից է, որոնք գիտակցում են պահի օրհասականությունը»։

Հիշեցնենք, որ 5165 շարժման անդամները այսօր՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրից համախմբման երթով շարժվեցին դեպի Էջմածնի Մայր տաճար՝ ուխտագնացության՝ հանուն հայկական Արցախի և անկախ պետականության: Երթի նպատակն էր, ինչպես շարժման անդամներն էին ասում, մասնակցությամբ ամրապնդել բոլորի վճռականությունը, համախմբված պաշտպանել մեր հայրենիքը և մեր պետականությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված