Վիճակագիրները հրապարակել են ՀՀ-ում 2022 թ. հունվար-մարտ ամիսների սպառողական գների ինդեքսը։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 2022 թ. մարտին, 2021 թ. նույն ամսվա համեմատ, սպառողական գների աճը կազմել է 7.4%, նույն տարվա փետրվարի համեմատ՝ 1.8%, իսկ դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.5%-անոց գնաճ։ Ընդ որում՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 12.8%-ով, իսկ այս տարվա փետրվարի համեմատ՝ 2.3%-ով։ 2022 թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի գնաճը կազմել է 12.1%, իսկ 2022 թ. մարտին, 2021 թ. դեկտեմբերի (սա տարվա «ամենաթանկ» ամիսն է) համեմատ, սննդամթերքի գնաճը կազմել է 6%։
Ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները, կենցաղի համար առաջնահերթ անհրաժեշտության խմբի ապրանքները, 2021 թ. հունվար-մարտի համեմատ, թանկացել են 3.4%-ով, իսկ մարտի համեմատ՝ 4.9%-ով։ Միակ ճյուղը, որտեղ 1%-անոց գնանկում է արձանագրվել, հագուստ և կոշիկ խմբի ապրանքների պարագայում է։ Մնացած բոլոր դեպքերում գնաճ է արձանագրվել։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022 թ. մարտին, փետրվարի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ է արձանագրվել Իջևանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4%-ով։
Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022 թ. մարտին, 2021 թ. մարտի համեմատ, աճել են համապատասխանաբար 12.3%, 10.8% և 18.2%-ով, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 3.0%, 3.8% և 8.1%-ով: Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները 2022 թ. մարտին, 2021 թ. մարտի համեմատ, աճել են համապատասխանաբար 16.2%, 16.8%, 28.0%, 37.2%, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և 8.4%-ով: 2022 թ. մարտին,, 2021 թ. մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի համապատասխանաբար 9.5% և 10.7%, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 2.1% և 4.1% գնաճ: Թռչնամսի, գառան և տավարի մսի գները 2022 թ. մարտին, 2021 թ. մարտի համեմատ, աճել են համապատասխանաբար 7.4%, 7.5% և 9.1%-ով, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 1.5%, 1.8% և 1.3%-ով:
2022 թ. մարտին, 2021 թ. մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 24.7%, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 7.9% գնաճ:
Բանջարեղենի գները, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել են 36.8%-ով, փետրվարին՝ 31.1%-ով և մարտին՝ 40.8%-ով։
2022 թ. մարտին, 2021 թ. մարտի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4.8%, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 1.0% գնաճ։
Բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտում 2022 թ. մարտին, 2021 թ. մարտի համեմատ, սակագներն աճել են 3.3%-ով, իսկ 2022 թ. փետրվարի համեմատ՝ 1.7%-ով։
Սրանցից զատ՝ բնակչության կողմից ամենաշատն օգտագործվող բենզինի և դիզվառելիքի գներն էլ, 2019 թ. համեմատ, աճել են, համապատասխանաբար, 21% և 37.7%-ով։
Վարդան Մսրյան