Մամուլ 4 տարի առաջ - 08:12 19-03-2022

Հասկանալ ու ներե՞լ, թե՞... Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի կառավարության մարտի 17-ի նիստում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս, որն, ըստ էության, նախագիծ է հանրային ֆինանսների կառավարման մասին (ավելի պարզ՝ համայնքների բյուջեները պետք է ընդունվեն մինչև տարեվերջ), Նիկոլ Փաշինյանը որոշակի շեղվեց և սկսեց խոսել նորաստեղծ Հանրային ներդրումների կոմիտեի մասին, որի առաջին նիստը արդեն կայացել է: Կոմիտեում պետք է քննարկվեն 250 միլիոն դրամը գերազանցող նախագծերը և որոշվեն առաջնահերթությունները:

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ևս հանդիսանում է այդ կոմիտեի անդամ, որոշեց աչքի ընկնել և փայլել հարցի իր իմացությամբ, բայց, ինչպես միշտ, սայթաքեց… Ըստ նրա, «այդ գործընթացը մեծ ռեֆորմ է, իսկ մեզ երբեմն ասում են, որ մենք ռեֆորմներ չենք անում»: Նիկոլ Փաշինյանը անմիջապես արձագանքեց. «Էդ ո՞վ է ասում, որ մենք ռեֆորմներ չենք անում»… Զգացվում էր, որ նախարարը կպել է վարչապետի «նուրբ լարերին»: Ու սկսվեց... Խոսել իրենց կողմից իրականացված «բազմաթիվ ռեֆորմների» մասին՝ Փաշինյանը ավելին ոչինչ չկարողացավ հիշել, քան հանրային սննդի օբյեկտներում ծխելը արգելելու «ռեֆորմի» մասին՝ չմոռանալով նաև հիշատակել կառավարության՝ դեռևս մշակվող մեկ այլ կարևոր «ռեֆորմ»՝ նույն սննդի օբյեկտներում աղամանները հանելու նախագիծը:

Ըստ նրա, դրանք «և՛ քաղաքակրթական, և՛ առողջապահական, և՛ կառավարչական ռեֆորմներ» են, այսինքն՝ շատ կարևոր են … Քիչ էր մնում ասի՝ աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, բեկումնային և այլն, և այլն, մի խոսքով՝ հավասարազոր են, օրինակ՝ Ստոլիպինի ագրարային ռեֆորմին: Բայց դա չէր ամենահետաքրքիրը կառավարության այդ նիստում: Հաջորդիվ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, զեկուցելով բյուջեում վերաբաշխում կատարելու ինչ-որ նախագիծ, իր խոսքը սկսեց նրանով, որ «ներկայացվող հարցը կառավարության հերթական ռեֆորմներից մեկն է, այն կարելի է դիտարկել այդ շարքում»:

Պարզ զգացվում էր քծնանքը: Քծնանք... բայց ո՞ւմ կողմից և ո՞ւմ նկատմամբ: Քծնանք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, հինգ տասնյակ ուսումնամեթոդական և գիտական աշխատությունների հեղինակի, Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամի, Երևանի պետական համալսարանի ու կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալների արժանացած անձի կողմից… Ո՞ւմ նկատմամբ… Լավ, չարժե թվել: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոռացել էր մի կարևոր ժողովրդական իմաստություն. «Լռությունը ոսկի է»: Նա դրա մասին միշտ է մոռանում: Ասենք, հիմա էլ մտքի նոր «փայլատակում» է ունեցել, ասում է՝ գործարարները երևի գները բարձրարցրել են, որ մարդկանց գնումային խուճապը զսպեն:

Այնպես որ, նրան, ինչպես ասում է հանրահայտ ռուսական հումորային հեռուստասերիալի հերոս Բորոդաչը, որին մարմնավորում է մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը, կարելի է «հասկանալ ու ներել»: Իսկ Դումանյանի՞ն… Ըստ Օնորե դը Բալզակի, «քծնանքը երբեք չի գալիս մեծ հոգիներից, դա այն փոքր հոգիների մենաշնորհն է, որոնք կարող են էլ ավելի փոքրանալ, որպեսզի մտնեն այն կարևոր մարդու կյանքի ոլորտ, ում ձգտում են»… Մի խոսքով, որոշեք ինքներդ՝ հասկանալ ու ներե՞լ, թե՞…»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել