Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին՝ հրազենային վիրավորումով։ Զինծառայողը Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից էր։ Բանակ զորակոչվել էր նախորդ տարի։
Բնակիչներից մեկը
oragir.news-ին պատմեց, որ զոհված զինծառայողը տան միակ տղա երեխան էր, ուներ նաև մեկ քույր: Մեր զրուցակիցը, խոսելով ընտանիքի մասին, ասաց. «Տղային այդքան էլ լավ չէի ճանաչում, շատ լավ ընտանիք ունի»։
Փորձեցինք կապ հաստատել նաև համայնքապետի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ալբինա Բարեղամյան