Ներքին 4 տարի առաջ - 21:29 11-03-2022

Գյումրիում բացահայտվել է ավազակային հարձակում կատարելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գազալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 5-ի ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, զինված ինքնաձիգով և մուրճով, գումար հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Գյումրու Խանջյան փողոցում գտնվող գազալցակայան և կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, կրակելով հատակին և պատին, աշխատակիցներից գումար են պահանջել և հափշտակելով դրամարկղում առկա շուրջ 150.000 ՀՀ դրամ գումարը՝ դիմել են փախուստի:

«Քննությամբ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Գյումրի քաղաքի՝ 1990թ. և 1994թ. ծնված բնակիչներ են:

Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են՝ խմբի կազմում, հրազենի գործադրմամբ, շինություն ապօրինի մուտք գործելով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի բնակարանում հայտնաբերվել և վերցվել են «AKM 47» մոդելի 7,62մմ տրամաչափի ինքնաձիգն իր փամփշտատուփով՝ լիցքավորված 4 փամփուշտով, նույն տրամաչափի 9 փամփուշտ, 14 հատ դանակ, ձեռնոցներ, իսկ մյուսի բնակարանից՝ «AKC» մոդելի ինքնաձիգ, 11 փամփուշտ, 3 հատ դանակ, 12 փաթեթ մարիխուանա և 1 փաթեթ «շոկո» տեսակի թմրամիջոցներ, առգրավվել են դեպքի պահին առերևույթ հանցագործություն կատարած անձանց հագին եղած հագուստները, նշանակվել են դատաձգաբանական, դատաքրեագիտական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
09:30 Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան