Ներքին 4 տարի առաջ - 19:41 11-03-2022

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ալեքսանդր Շալենբերգի հետ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 11-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։

«Տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։

Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: