Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ, 729 մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։ Այս մասին փետրվարի 11-ի համարում գրել է «Ժողովուրդ օրաթերթը, որն այս մասին տեղեկացել է բյուջեի կատարողականի հաշվետվությունից․
«Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մկն 278 հազար դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Այսպիսով, Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոսով, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը»,- գրել է թերթը՝ անդրադառնալով ոլորտներին.
«Օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողներին բաշխվել է 915 մլն դրամ պարգեւավճար՝ նախատեսված 991 մլն դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 92,3 տոկոս, որը ավել է 2020 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 153 մլն դրամով։
«Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, եզրաքարերի վերանորոգումը՝ 84 տոկոս, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ սա ըստ էության Հայկ Մարությանի գլխավորությամբ կատարած աշխատանքի արդյունքն է»,- գրել է «Ժողովուրդը»
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում