Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է. «Մտածեք նաև Վրաստանի, Մոլդովայի և մյուս երկրների մասին»
copy image url

Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է. «Մտածեք նաև Վրաստանի, Մոլդովայի և մյուս երկրների մասին»

Արտաքին 3 տարի առաջ - 13:57 02-02-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ռուսական սպառնալիքը չի սահմանափակվում Ուկրաինայով, քանի որ նա ձգտում է Եվրոպայում ազդեցության նոր գոտիներ ձևավորել։

«Սա գոյություն ունեցող հստակ սպառնալիք է։ Մենք տեսնում ենք մեծ թվով զորքերի կուտակում, ռազմական արշավին համապատասխանող բոլոր տեսակի գործողությունների նախապատրաստում։ (...) Խոսքը մի ամբողջ եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին է։ Մենք կասկած չունենք, թե այստեղ ինչի է ուզում հասնել նախագահ Պուտինը։ Կարծում եմ՝ նա փորձում է ատրճանակը սեղմած պահել Ուկրաինայի քունքին, վախեցնել Ուկրաինային»,- ասել է Ջոնսոնը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա հավելել է, որ երիտասարդ է եղել, երբ փլվել է Բեռլինի պատը, երբ յուրաքանչյուր երկիր կարող էր ընտրել իր անկախ ինքնիշխան ճակատագիրը։

«Դա ֆանտաստիկ էր։ Հիմա նախագահ Պուտինը, Ռուսաստանը փորձում է խարխլել այս ճարտարապետությունը և վերագծել եվրոպական անվտանգության քարտեզը, ազդեցության նոր գոտիներ ձևավորել։ Եվ դա կվերաբերի ոչ միայն Ուկրաինային։ Մտածեք նաև Վրաստանի, Մոլդովայի, մյուս երկրների մասին»,- ասել է Ջոնսոնը։