Երևան +11°
Ներքին 2 տարի առաջ - 12:27 12-01-2022

ՀՀ-ում բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի մի մասի գործունեությունը

ՀՀ քննչական կոմիտեն լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, պարզվել են 2013թ-ից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ:

«VODA» անվանումով հանդես եկող հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել և գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների և գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված համակարգ: Արդյունքում այդ կազմակերպության կազմում բիզնես իրականացնելու հնարավորություն ընձեռելու և խոշոր շահույթ ստանալու նախատրամադրելու նպատակով փուլային դասընթացների պատրվակով ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների։

Վերջիններս հաշվառվել են «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում և կատարել 450 ԱՄՆ դոլարից մինչև 21.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։

Ֆինանսական բուրգի կազմում կուտակված միջոցները հանցավոր խմբի կազմից դուրս գործող մասնակիցների միջև վերաբաշխումը նվազագույնի հասցնելու նպատակով և թվացյալ նոր տուրիստական փաթեթներ ձեռք բերած նոր ներդրողների կողմից դրանց շահագործումը բացառելու նպատակով մշակվել են եկամուտների ստացման և վերաբաշխման համակարգեր։ Շահագործել ցանկացողների համար ստեղծվել են ակնհայտորեն ոչ ձեռնտու պայմաններ։

2018 թվականի հունիսի 20-22–ն ընկած ժամանակահատվածում Իրանի իրավապահների գործողությունների շնորհիվ կասեցվել է «Vodanet British LTD» ընկերության, ապա նաև դադարեցվել է «voda.net», «vodanet.io» կայքերի գործունեությունը։ Հանցավոր խմբավորման մի քանի անդամ այդ ամենից հետո վերակազմակերպել և Կանադայում են հաշվառել «Onyxum» անվանմամբ ընկերությունը և համացանցում գործարկել համանուն «onyxum.com» կայքը։ Վերջիններս «Onyxum» անվանմամբ ընկերության տակ վերախմբավորվել են «Vodanet British LTD» անվան ներքո գործունեություն ծավալած համակարգողներին, որպեսզի շարունակեն նոր ներդրողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի համալրումը։

Բավարար ապացույցների հիման վրա մինչ օրս մեղադրանք է առաջադրվել «VODA» և «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամի: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ այդ հանցավոր մեխանիզմում ընդգրկված անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՔԿ–ն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «Onyxum.com» կայքի, համանուն ընկերության գրասենյակների, համանման ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելուց, քանի որ կարող է դառնալ հանցագործության զոհ։