Պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել. «Նորքի» փոխտնօրենը` աշխատակիցներին ազատելու մասին
copy image url

Պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել. «Նորքի» փոխտնօրենը` աշխատակիցներին ազատելու մասին

Ներքին 3 տարի առաջ - 12:06 10-01-2022

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 2-րդ մասնաշենքը պետք է հիմնանորոգվի, դրա համար էլ աշխատակիցները ծանուցվել են, որ հնարավոր է` ազատվեն աշխատանքից։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը` պարզաբանելով ստեղծված իրավիճակը։

Հայտնել էինք, որ հիվանդանոցի առջև աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանց խոսքով` հիվանդանոցի 80 աշխատակցի առանց որևէ լուրջ պատճառաբանության ազատել են աշխատանքից։

«Մեր 2-րդ մասնաշենքը կապիտալ նորոգվելու է, զրոյից պետք է շենքը վերակառուցվի և պրոցեսը 2 տարի կտևի։ Մենք պարտավոր ենք շինհրապարակ տրամադրել, այսինքն` հնարավոր չէ մարդիկ ներսը լինեն և աշխատանքներ իրականացվեն։ Բնականաբար, կադրերի հետ կապված խնդիր է առաջանում, քանի որ գործող մեկ շենքում հնարավոր չէ այդ անձնակազմը պահել»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` քննարկումներ են գնում, որ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացվի, և մարդկանց մի խմբին կամ բոլորին տեղափոխեն այնտեղ։

Հարցին, թե հնարավոր չէ՞ր այդ ամենը կազմակերպել, նոր շինարարության գնալ` Սարգսյանը հայտնեց, որ ընդամենը ծանուցվել է աշխատակիցներին, և այնպես չէ, որ անպայման բոլորն աշխատանքից ազատվելու են։

Փոխտնօրենը հայտնեց, որ տնօրենությունը հրավիրել է աշխատակիցներին, որ հիվանդանոցի դահլիճում նստեն և խոսեն, սակայն նրանք հրաժարվել են։ Սարգսյանը պնդում է, որ որևէ մեկն աշխատանքից դեռ չի ազատվել` նրանք միայն ծանուցվել են, որ հնարավոր է` 2 ամիս հետո աշխատանքից ազատվեն։

Հավելենք, որ բողոքի ակցիա անողները թերահավատորեն են մոտենում նոր աշխատանքի մասին խոստումներին` ասելով, որ եթե նման բան լիներ, իրենց տեղյակ կպահեին։

Հավելենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները գնացին տնօրենի հետ հանդիպման։