copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:59 26-12-2021

Իրանը բալիստիկ հրթիռներ է փորձարկել

Իրանի բանակը հնգօրյա զորավարժությունների ավարտին մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել։ Ինչպես նշել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Մուհամմեդ Բաղերին, փորձարկումները նախազգուշացում են Իսրայելի համար։ Նա ասել է, որ իր երկիրն ունի հարյուրավոր հրթիռներ, որոնք «կարող են ոչնչացնել մի երկիր, որը համարձակվում է հարձակվել Իրանի վրա»:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավար Հոսեյն Սալամին նույնպես սպառնալիքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ Իրանում տեղի ունեցած զորավարժությունները «ամենալուրջ նախազգուշացումն են Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչներին»։ «Եթե նրանք թույլ տան ամենափոքր սխալը, մենք կկտրենք նրանց ձեռքը»,- սպառնացել է Սալամին։

Մեծ մարգարեի զորավարժությունները սկսվել են դեկտեմբերի 20-ին Պարսից ծոց ելք ունեցող երեք նահանգների՝ Բուշեհրի, Հորմոզգանի և Խուզեստանի տարածքում։

Մեծ Բրիտանիան դատապարտել է բալիստիկ հրթիռների արձակումը

Բրիտանական կառավարությունը խստորեն դատապարտել է այս զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռների արձակումը։ Բալիստիկ հրթիռները սպառնալիք են տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար, դրանց օգտագործումը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, որն արգելում է Իրանին միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործողություն:

Իրանում զորավարժությունները տեղի են ունեցել Վիեննայում ընթացող բանակցությունների ֆոնին՝ 2015 թվականին Իրանի վերաբերյալ միջուկային գործարքը փրկելու համար։ Դիվանագետների կարծիքով՝ բանակցություններն այժմ չափազանց բարդ են ընթանում, Միացյալ Նահանգների վարչակազմն արդեն պատրաստվում է դրանց ձախողմանը։

Միացյալ Նահանգները, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, միակողմանիորեն դուրս է եկել միջուկային համաձայնագրից 2018 թվականին՝ այն համարելով բոլորովին անընդունելի, և կրկին լայն պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է աստիճանաբար հրաժարվել միջազգային պայմանագրի պայմանների կատարումից։ Իսրայելը կտրականապես մերժում է Իրանի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը։