Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է Վրաստանի բնակչության 80%-ը, իսկ XXI դարում ազդեցության ոլորտների մասին խոսակցությունները միանգամայն անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր «Վրաստանը, երկրի բնակչության զգալի մասի կամքին հակառակ, Հյուսիսատլանտյան դաշինք ուժով ներքաշելու փորձերի մասին»։ Նրա խոսքով, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը որպես «կարմիր գծի» հատում կդիտարկի։
«Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու գաղափարը ազգային մեծ աջակցություն է վայելում և հասարակությունում կոնսենսուս կա այս հարցում։ Վրաստանը, որպես ժողովրդավարական երկիր, իրեն արդեն հենց այդ տարածքի մաս է համարում, և դա առաջին հերթին կարևոր է հենց Վրաստանի համար»,- ասել է Լաշա Դարսալիան։
Վրաստանի փոխարտգործնախարարը նաև հավելել է, որ 21-րդ դարում ազդեցության ոլորտների մասին խոսելն ամբողջովին անընդունելի է։