ԱՄՆ պարենի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը առաջին անգամ հավանության է արժանացրել ներարկումային Apretude դեղամիջոցը՝ ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով բրիտանական GlaxoSmithKline (GSK) դեղագործական ընկերության տվյալներին։
Պարբերականը հստակեցնում է, որ դեղամիջոցի արտադրողը ViiV Healthcare ընկերությունն է, որի բաժնետոմսերի վերահսկողական փաթեթը պատկանում է GSK-ին։ Apretude-ի ներարկումներ պետք է ստանալ տարեկան վեց անգամ, այն դեպքում, երբ նախակոնտակտային պրոֆիլակտիկայի (PREP) ընթացիկ ռեժիմը նախատեսում է դեղահաբերի ամենօրյա ընդունում:
FDA-ի դեղամիջոցների գնահատման և հետազոտությունների կենտրոնի հակավիրուսային դեղերի բաժնի տնօրեն Դեբրա Բիրնկրանտը FT-ին հաղորդել է, որ Apretude-ն ծանրակշիռ դեր կխաղա ԱՄՆ-ում վարակի դեմ պայքարում, դեղամիջոցը կօգնի վարակվելու բարձր ռիսկ ունեցող մարդկանց և որոշ խմբերի, որոնք չեն կարող ամեն օր դեղ ընդունել:
GSK-ի տվյալներով՝ Apretude-ի մանրածախ գինը լինելու է 3,7 հազար դոլար մեկ ներարկման համար։ Ընկերությունն ակնկալում է հաջորդ տարի դեղամիջոցի գրանցման հայտ ներկայացնել Մեծ Բրիտանիայում և Եվրամիությունում: