Կոտայքի մարզում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ձախողման պատասխանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից են պահանջում։ Բանն այն է, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո էլ Պետրոսյանը չի դադարել Կոտայքի մարզի կուրացիայով զբաղվել։
Oragir.news-ը գրել էր, որ Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Պավել Ցուգունյանը՝ Պաշը, Ռոմանոս Պետրոսյանի մերձավորն է և նրա կնոջ ազգականը, և հենց Ռոմանոս Պետրոսյանն է Փաշինյանի մոտ պնդել, որ հենց Ցուգունյանը գլխավորի Աբովյանում ՔՊ-ի նախընտրական ցուցակը, սակայն Աբովյանում 2 անգամ անընդմեջ ՔՊ-ի պարտություն կրելը Փաշինյանը շատ ծանր է տարել, և վերջինս Ռոմանոս Պետրոսյանին կանչել է պատասխանի։ Հենց սրանով է պայմանավորված, որ Աբովյանում ՏԻՄ ընտրությունների արդյունքների բողոքարկման մասին որոշումը հայտնում է ոչ թե ՔՊ մամուլի խոսնակը, այլ շրջակա միջավայրի նախարարը, որը ՏԻՄ ընտրությունների հետ ի պաշտոնե ոչ մի աղերս չունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն պարտվել է ԲՀԿ-ին, որի քաղաքապետի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է։ Այս առիթով այսօր Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել․
«Հարգելինե՛րս,
Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ընտրատեղամասերում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»,- գրել է Պետրոսյանը։
Այսպես Ռոմանոս Պետրոսյանը փորձում է ապահովագրել իրեն՝ ցույց տալով, որ դեռևս ամեն ինչ կորած չէ։