Արտաքին 4 տարի առաջ - 10:59 10-10-2021

Իտալիայում 12 տարեկանից բարձր քաղաքացիների ավելի քան 80%-ը ավարտել է կորոնավիրուսային պատվաստման ամբողջական ընթացքը

12 տարեկանից բարձր իտալացիների առնվազն 80,01%-ը (ավելի քան 43,2 մլն մարդ) ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական ընթացքը: Այդ են վկայում Առողջապահության նախարարության տվյալները, որոնք հրապարակվել են շաբաթ ուշ երեկոյան:

Իտալական իշխանությունները մտադիր էին մինչև սեպտեմբերի վերջ հասնել բնակչության 80%-ի պատվաստմանը: 12 տարեկանից բարձր մարդկանց գրեթե 85% -ը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ դոզան: Երկրում վիրուսի տարածման տեմպը նվազում է, ինչպես նաև կորոնավիրուսային ծանր վարակով հոսպիտալացվածների թիվը:

Ներկայումս հանրապետությունում օգտագործվում է կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութ՝ բրիտա-շվեդական AstraZeneca ընկերության, ամերիկյան Johnson & Johnson-ի, Pfizer և BioNTech ընկերությունների, ինչպես նաև Moderna ընկերության դեղամիջոցները:

Ընդհանուր առմամբ՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 4,7 միլիոն դեպք: Ավելի քան 131 հազար մարդ մահացել է հիվանդության հետևանքներից: Անցյալ տարվա վերջից երկրում սկսվել է պատվաստումների արշավը: