copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:02 10-07-2021

Սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ հուլիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների «06» խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ դանակահարված վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ կարճ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արեգ Խալաթյանը, ով նշված կենտրոն է տեղափոխվել «ստորին սիներակի լայնակի պատռվածք, հաստ աղիքի վնասում, բարակ աղիների վնասում, հեմատոմա և հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, որը մահացել է, իսկ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 21-ամյա Արման Պողոսյանն է։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ներքին կրծքային զարկերակի վնասում, թոքի վնասում» ախտորոշմամբ և այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտա 19 հասցեում գտնվող «Անի» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս չպարզված անհայտ անձի միջև, ով սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, վիճաբանության մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված