Ղրղզստանն ու Տաջիկստանն ավարտել են սահմանից զորքերի դուրսբերումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը:
«Կողմերն ավարտել են լրացուցիչ ուժերի և միջոցների դուրսբերումը պետական սահմանի գծից դեպի իրենց տարածքների խորքերը»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ:
Ինչպես նշում է ծառայությունը, պատերազմող երկրների զորքերի կողմից գրավված տարածքների զննման համատեղ հանձնաժողովի աշխատանքը շարունակվում է:
Միևնույն ժամանակ, սահմանում իրավիճակը գնահատվում է կայուն, անցած գիշերվա ընթացքում միջադեպեր կամ կրակոցներ չեն գրանցվել, հավելել է սահմանապահ վարչությունը:
Ապրիլի 28-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին՝ ջրի բաշխման «Գոլովնոյ» կետի տարածքում, որը տաջիկական կողմը համարում է իր տարածքը, ղրղզական կողմը՝ վիճելի, բախում է սկսվել տեղի բնակիչների միջև:
Բախումների արդյունքում երկու կողմից զոհվել է շուրջ 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը: Մայիսի 1-ին Բիշքեկը և Դուշանբեն համաձայնության են եկել ղրղզական-տաջիկական սահմանին լիակատար հրադադարի մասին: