Արտաքին 45 րոպե առաջ - 20:20 17-10-2026

Եմենի Թաիզ քաղաքը հութիների շրջափակման մեջ է

Եմենի երրորդ խոշորագույն քաղաքը՝ Թաիզը, մի քանի օր է, ինչ պաշարման մեջ է գտնվում եմենյան ապստամբ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից, որի արդյունքում կտրվել են բոլոր հիմնական մատակարարման ուղիները:

Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում անելով տեղի բնակիչներին:

Նրանց խոսքով՝ քաղաքի մոտակայքում մարտերը այնքան արագ են բռնկվել, որ Թաիզի բնակիչները չեն կարողացել տարհանվել ավելի անվտանգ շրջաններ: Այժմ հարավից քաղաք մուտք գործելու թույլտվություն ունեն միայն մի քանի մեքենաներ և բեռնատարներ, հաղորդում է FT-ն։

«Այս պահին փախչելը ռիսկային է, քանի որ մենք ստիպված կլինենք անցնել առաջնագիծը։ Բայց եթե անվտանգ լիներ, ես կնախընտրեի հեռանալ, քան մնալ այստեղ այս սարսափելի պայմաններում՝ սպասելով, որ քաղաքում ցանկացած պահի մարտեր կսկսվեն», – թերթին ասել է Թաիզի բնակիչներից մեկը:

Նշվում է, որ շրջափակման սկզբից ի վեր վառելիքի գների կտրուկ աճի պատճառով շատ վարորդներ կորցրել են իրենց աշխատանքը, քանի որ վառելիքի ցիստեռնները չեն կարողանում անվտանգ հասնել քաղաք։