Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում կնշվի քաղաքի օրը։ Տոնական միջոցառումները, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս կազմակերպում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որի գործունեության և միջոցառման կազմակերպման վերաբերյալ ՔՊ-ականները նախկինում իրենց բացասական դիրքորոշումն են հայտնել։
Սակայն, երբ խոսքը վերաբերում է հենց տոնին մասնակցելուն, ՔՊ-ականների պատասխանները միանշանակ չեն․ ոմանք վաղվա համար այլ ծրագրեր ունեն, մյուսները դեռ չեն որոշել՝ կմասնակցեն միջոցառումներին, թե ոչ։
Oragir.News-ը Շիրակի մարզի ՔՊ-ականներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ներկա են լինելու վաղվա տոնական միջոցառումներին։
«Վաղը մենք ընտանիքով քաղաքում չենք լինի։ Միջոցառում ունենք»,-
Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղարն էլ նշել է, որ այս պահին հստակ որոշում չունի։
«Էս պահի դրությամբ հստակ որոշում չունեմ՝ կմասնակցեմ, թե ոչ, քանի որ դեռ վաղուց վաղվա հետ կապված ուրիշ պլանավորված բաներ կան։ Խմբակցությունով որպես այդպիսին քննարկում չենք ունեցել և էս պահին չունեմ հստակ պատասխան՝ կմասնակցենք, թե չէ»,- ասել է նա։
ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանն էլ, անդրադառնալով մեր հարցադրմանը, նշել է, որ առիթի է մասնակցում՝ հավելելով, որ մեր հարցադրումների համար հարմար պահ չէ։ ՔՊ-ական ավագանու անդամ Էմմա Բարսեղյանն էլ նշել է, որ Գյումրու օրը, անկախ ամեն ինչից, նաև իրենց տոնն է։
«Վաղը Գյումրու օրն է և որպես գյումրեցի միանշանակ մեզ համար էլ է տոն։ Իսկ թե ինչ ձևով՝ կներեք, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասել է նա։
Մյուս ՔՊ-ականների հետ կապ հաստատել չհաջողվեց։
Գյումրու օրը նշվում է 2000-ականներից ձևավորված ավանդույթի համաձայն՝ հիմնականում աշնանը՝ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին։ Տարբեր տարիների տոնի օրը փոխվել է․ 2019-ին, օրինակ, այն անցկացվել է օգոստոսին։ 2025-ին քաղաքի օրը նշվել է հոկտեմբերի 4-ին, իսկ այս տարի տոնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 17-ին։
Ստացվում է՝ Գյումրու օրը վաղն է, իսկ քաղաքի ավագանու ՔՊ խմբակցությունը դեռ միասնական որոշում չունի՝ մասնակցելո՞ւ է տոնական միջոցառումներին, թե՞ ոչ։
Անահիտ Չալիկյան