Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պատմել է իր շքեղ նախասիրություններից մեկի մասին։ Չնայած անցյալում ունեցած ֆինանսական լուրջ խնդիրներին՝ 60-ամյա մարզիկը շարունակում է մեծ գումարներ ծախսել թանկարժեք օծանելիքների վրա։
Netflix-ի «TYSON» նոր վավերագրական սերիալում բռնցքամարտիկն անդրադարձել է նաև իր կյանքի այն ժամանակահատվածին, երբ իր կարողությունը հասնում էր հարյուրավոր միլիոն դոլարների։
Իր կարիերայի ընթացքում Թայսոնը վաստակել է մոտ 400 միլիոն դոլար, սակայն շքեղ ապրելակերպը, նախկին մենեջերների կողմից ենթադրյալ ֆինանսական չարաշահումները և երկու թանկարժեք ամուսնալուծությունները հանգեցրել են ֆինանսական անկման։ 2003 թվականին նա սնանկության դիմում է ներկայացրել՝ հայտարարելով 23 միլիոն դոլարի պարտքերի մասին։
Հարստության տարիներին Թայսոնը ունեցել է ավելի քան 25 շքեղ ավտոմեքենա, այդ թվում՝ հինգ Bentley Azure, առանձնատներ և երեք սպիտակ բենգալյան վագր։ Նա նաև գումարներ է ծախսել մասնավոր ինքնաթիռների, թանկարժեք ալկոհոլի և կոկաինի վրա։
Թեև հետագայում բռնցքամարտիկը կարողացել է վերականգնել իր ֆինանսական վիճակը՝ բիզնեսի, ժամանցային նախագծերի, հովանավորչական պայմանագրերի և հանրային ելույթների միջոցով, որոշ շքեղ նախասիրություններ պահպանվել են։
«Գիտե՞ք՝ ես դեռ ինչի վրա եմ շատ գումար ծախսում։ Օծանելիքի։ Եթե լսել եք AMAFFI-ի մասին, ապա դրանք այն օծանելիքներն են, որոնք ես օգտագործում եմ»,-PEOPLE-ին ասել է Թայսոնը։
Շվեյցարական AMAFFI օծանելիքի տունը հայտնի է իր շքեղ բույրերով։ Դրանց ստեղծումը կարող է տևել մինչև երկու տարի, իսկ սրվակները զարդարվում են բյուրեղներով, ոսկեզօծ ու արծաթապատ տարրերով և բարդ դեկորատիվ նախշերով։ Ապրանքանիշի կայքում ներկայացված օծանելիքների գները տատանվում են 2,000-ից մինչև 6,000 դոլարի սահմաններում։
«Ես ունեմ սրվակների մի ամբողջ հավաքածու։ Դրանց ընդհանուր արժեքը, հավանաբար, մոտ 50,000 դոլար է»,-խոստովանել է բռնցքամարտիկը։
Թայսոնը նշել է, որ այժմ իր հիմնական առաջնահերթություններն են հայրությունը և ապագան։
Նա նաև հայտնել է, որ արդեն տասը տարի է՝ սթափ ապրելակերպ է վարում և կոկաին չի օգտագործում։
Անդրադառնալով իր անցյալին՝ մարզիկը նշել է, որ նույնիսկ կյանքի ամենադժվար փորձություններն ի վերջո դրական ազդեցություն են ունեցել իր վրա։
«Ամեն ինչ, որ թվում էր բացասական, ի վերջո լավ բան է դարձել ինձ համար։ Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար, քանի որ դա ինձ ավելի լավ մարդ է դարձրել։ Ես նաև շնորհակալ եմ ինձ հետ պատահած ամեն վատ բանի համար»,-ասել է Թայսոնը։