Ներքին 1 ժամ առաջ - 19:18 09-10-2026

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի հետ:

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստիան Դանկամբը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիների համագործակցությամբ արձանագրված առաջընթացին հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև արվեստի, մշակույթի և միջազգային համագործակցության ուղղությամբ ընդլայնվող գործունեությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ողջունելով Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի գլխավորած պատվիրակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունը, մասնավորապես՝ անգլերենի ուսուցման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում։

«Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը Բրիտանական խորհուրդն է: Համատեղ իրականացնում ենք ծրագրեր, որոնք լայն պահանջարկ ունեն շահառուների շրջանում և մեծ ազդեցություն՝ կրթության որակի վրա: Մեր համատեղ փորձը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, կարող է ուսանելի լինել նաև այլ երկրների համար»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ համագործակցության ոլորտները կընդլայնվեն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Բրիտանիայի բուհերի միջև փոխգործակցության ընդլայնման, դպրոցների ղեկավարների և կրթական կառավարման մասնագետների կարողությունների զարգացման հնարավորությունները:

Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է մեր երկրի մշակույթով: Նա ևս կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ հիմք ընդունելով արդեն իսկ առկա հաջողված փորձը:

Հանդիպմանը քննարկվել են նաև մշակութային ժառանգությանն ու ստեղծարար արդյունաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպումն ամփոփվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: Կողմերը հաստատել են, որ այն կխթանի համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր