Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրում արձանագրված են միլիոնավոր դրամների եկամուտներ, ծախսեր, դրամական միջոցներ և նոր ձեռք բերված գույք։
Oragir.News-ը ներկայացնում է հայտարարագրում ներկայացված տվյալները։ Տարեսկզբին Զավեն Մանուկյանի բանկային հաշիվներում եղել է 4 մլն 700 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 199 հազար դրամ։ Տարվա ընթացքում նրա հայտարարագրած եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 11 մլն դրամ։
Եկամուտների աղբյուրների թվում նշված են աշխատավարձը, վարձակալությունից ստացված եկամուտը և գյուղատնտեսական գործունեությունը։ Տարվա ընթացքում Մանուկյանը մի շարք խոշոր ծախսեր է հայտարարագրել։
Մասնավորապես՝ 7 մլն դրամով ավտոմեքենա է ձեռք բերել(LEXUS), գյուղատնտեսական գործունեության համար ծախսել է 2 մլն 500 հազար դրամ, վարկի մարմանն ուղղել է գրեթե 3 մլն դրամ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փոխանցել է 720 հազար դրամ։
Հայտարարագրում նշված ընդհանուր ծախսերը կազմել են 13 մլն 137 հազար 691 դրամ։ Զավեն Մանուկյանի ընտանիքի ֆինանսական պատկերը նույնպես ուշագրավ է։
Նրա կինը՝ Աննա Մանուկյանը, տարվա սկզբին հայտարարագրել է 2 հազար 220 ԱՄՆ դոլար և 1 մլն 800 հազար դրամ կանխիկ։ Տարեվերջին դոլարային միջոցները դարձել են 1 հազար 200 դոլար, իսկ կանխիկ դրամը՝ 1 մլն 500 հազար դրամ։
Աննա Մանուկյանը տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից հայտարարագրել է 1 մլն 425 հազար 320 դրամ եկամուտ, իսկ վարկի մարմանն ուղղել է 266 հազար դրամ։
Այսպիսով, ընտանիքի հայտարարագրում ևս տեսանելի է ինչպես դրամական միջոցների փոփոխություն, այնպես էլ ֆինանսական ակտիվություն։ Այսինքն՝ միայն հայտարարագրի թվերի մեջ տեսնում ենք միլիոնավոր դրամների եկամուտներ, ծախսեր, գույքի ձեռքբերում և կուսակցական նվիրատվություն:
Անահիտ Չալիկյան