Ներքին Տեսանյութ 39 րոպե առաջ - 20:02 09-10-2026

1000-ավոր ծառեր ոչնչացման են գնում. Երևանի ավագանու անդամը բացահայտում է «վիրաբուժական» սխալները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի էկոլոգիական աղետն ու կանաչապատման սխալ քաղաքականությունը վաղուց դուրս են եկել սովորական դժգոհությունների շրջանակից։ Քաղաքային իշխանությունների որդեգրած «վիրաբուժական» մոտեցումը՝ հասուն ծառերի զանգվածային փոխարինումը փոքրիկ տնկիներով, մասնագետների կողմից որակվում է որպես մայրաքաղաքի էկոհամակարգի դանդաղ սպանություն։

Այս ահագնացող խնդիրների, ծառերի սխալ խնամքի և քաղաքական որոշումների հետևանքների շուրջ Oragir.News-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։

«Ես բազմիցս եմ ասել, որ ամենավտանգավոր բանը, որ տեղի է ունենում Երևանում վերջին երեք տարիների ընթացքում, դա հասուն ծառերի ոչնչացումն է, որը խաթարում է Երևան քաղաքի քաղաքային կանաչ կմախքը։ Փողոցների հասուն ծառերը անսասանությունն ապահովող օդափոխության միջանցքներ են և այդ կմախքի անբաժան մասը։

Պատկերացրեք արյունատար համակարգ և խոշոր անոթներ, որոնք միացնում են ամբողջ արյունատար ցանցը։ Կանաչապատումը պետք է դիտարկել ոչ թե ուղղակի որպես առանձին ծառեր, այլ որպես մի ամբողջական համակարգ ու կանաչ ենթակառուցվածք, որը տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում է ստեղծվում քաղաքում։

Հիմա վերջին երեք տարիներին վիրաբուժական միջամտություն է տեղի ունենում, և հազարավոր ծառեր ուղղակի ոչնչացման են գնում։ Մեզ անվերջ քաղաքային իշխանությունն ասում է, որ նոր ծառեր ենք տնկում, 10 տարեկան տնկիներ ենք տնկում։ Այստեղ միշտ շատ կարևոր բաց է մնում, որ մեր հանրությունը պետք է գիտակցի․ չի կարելի հասուն ծառը փոխարինել թեկուզ 10 տնկիներով։

Կանաչ սաղարթները փողոցների երկայնքով շարունակական էկոծառայություն են ապահովում, իսկ այդ 10 տարեկան տնկիները պետք է մեծանան, դառնան ևս 40-50 տարեկան ծառեր, որպեսզի կարողանան այդ անընդհատությունն ապահովել։ Փոքր տնկիները նման գործառույթ չունեն, նրանք էկոծառայության մեջ բացարձակապես չեն մասնակցում, և դեռ տարիներ պետք է քաղաքային տնտեսությունը գումարներ ծախսի, որ այդ ծառերը հասնեն այն կայուն վիճակին, որում հասուն ծառերն էին։ Մեզ բազմիցս ասում են, որ այդ ծառերը կորցրել են իրենց կենսունակությունը կամ կենսունակության ավարտին մոտ են։

Կենսաբանության մեջ այդպիսի հասկացություն չկա․ չի կարելի ասել «կենսունակության ավարտին մոտ են», դա կամ ավարտված է, կամ ավարտված չէ։ Այն ծառերը, որոնք կային, մենք ինքներս աշխատել ենք և հիմնադիրն ենք եղել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի։

2021 թվականին Կենտրոն վարչական շրջանի ամբողջ ծառերը գույքագրվել են նույն գլխավոր դենդրոլոգի կողմից, ով ՀՈԱԿ-ի հիմնադրման օրվանից աշխատել է այնտեղ։ Ես քաղաքապետին էլ եմ այդ հարցը տվել․ ի՞նչ պատահեց մեր ծառերին, երբ 2021 թվականին նույն մասնագետի կողմից Կենտրոնում ծառերի վիճակը գնահատվել էր որպես լավ, բավարար և եզակի անբավարար, ու հանկարծ 2023 թվականին նույն մասնագետը ստորագրում է որոշում և լիազորում, որ հազարավոր ծառեր Կենտրոնում հեռացվեն։

Եթե ծառերը հիվանդ էին, նույն մասնագետները երկար տարիներ, փոխանակ բուժական գործընթացներ իրականացնեին, անվերջ երիտասարդացնում էին, սաղարթազրկում էին ծառերը, հսկայական վերքեր առաջացնում և դեֆորմացնում ծառերի կմախքը, ինչը ծառի առողջության ամենակարևոր բաղադրիչներից է։

Փոխանակ վնասատուների դեմ պայքարեին, ծառերն ուղղակի անվերջ էտում էին՝ իջեցնելով ծառերի դիմադրողականությունը։ 2020 թվականից, երբ բացվեց այդ ՀՈԱԿ-ը, հենց մեր կողմից հիմնադրվեց մի ծրագիր, որով ծառերի երիտասարդացման այդ գործընթացը հրամանով արգելեցինք՝ որպես ծառերը վնասող, և թույլ չէինք տալիս, որ իրականացվեր։

Նաև վնասատուների դեմ զանգվածային պայքար սկսվեց ամբողջ քաղաքում․ ձեռք բերվեց մասնագիտական սարք, և գիշերային ժամերին սկսեցինք ծառերի բուժական աշխատանքներ իրականացնել։ Հասանք արտակարգ արդյունքների, ծառերն անմիջապես արձագանքեցին այս գործողություններին, և անհասկանալի պատճառով 2023 թվականի գարնանից սկսվեց այդ ծառերի ոչնչացումը»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր