Ներքին Տեսանյութ 59 րոպե առաջ - 21:20 24-09-2026

Լեռնագյուղը դատարկվել է․ 47 ընտանիքից մնացել է միայն 1-ը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Լեռնագյուղը տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ դատարկվել է։ Գյուղում երբևէ բնակված 47 ընտանիքից այսօր մնացել է միայն մեկը։

Լեռնագյուղում այժմ իր երեք հոգանոց ընտանիքի հետ ապրում է Հրանտ Մինասյանը։ Արդեն մոտ չորս տարի է՝ նա գյուղում ապրում է առանց հարևանների։

«Սաղ թողին, գնացին գյուղից, դառել եմ գյուղի պահակը։ Լավ է էլի, կապրինք։ Ես դժգոհող մարդ չեմ, յոլա կերթանք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Հրանտ Մինասյանը։

Նա հիմնական զբաղմունք չունի, գյուղատնտեսական աշխատանքներ է անում։ Չնայած գյուղում այլևս գրեթե ոչ ոք չի մնացել, Հրանտը չի ասում, թե իրեն մեկուսացած է զգում։ Նրա խոսքով՝ կապը նախկին համագյուղացիների հետ պահպանում է։

«Ես դժգոհել չունեմ, Աստված մարդուն ձեռք ու ոտք է տվել ու մի աշխարհ հնարավորություն»,- ասում է նա։ Լեռնագյուղ հասնելու համար մարդիկ ստիպված են լինում երկու տրանսպորտ փոխել։ Գյուղ տանող ճանապարհը գրունտային է և անցնում է Թորոսգյուղի ուղղությամբ։

Հեռավորությունը, ճանապարհային խնդիրները, աշխատանքի ու սոցիալական պայմանների սահմանափակ լինելը տարիների ընթացքում նպաստել են գյուղի դատարկվելուն։ Այսօր գյուղում մնացած միակ ընտանիքն իր առօրյան շարունակում է՝ գյուղատնտեսական աշխատանքներով ու սեփական ուժերով։

Մի քանի տարի առաջ Լեռնագյուղում տասնյակ ընտանիքներ էին ապրում, իսկ այսօր գյուղի բնակիչների թիվը հասել է մեկ ընտանիքի։ Հրանտ Մինասյանն ասում է՝ դժգոհելու փոխարեն փորձում է ապրել ունեցած հնարավորություններով։

Բայց նրա ընտանիքի պատմության կողքին գյուղի դատարկ տներն արդեն մեկ այլ իրականության մասին են խոսում՝ Լեռնագյուղը փաստացի դատարկվել է։ Գյուղում մնացել է մեկ ընտանիք, իսկ մնացած 46 ընտանիքների համար Լեռնագյուղն արդեն նախկին բնակավայր է։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված