Բնակարանների վարձավճարների շարունակական թանկացումների ֆոնին Հայաստանում կտրուկ ակտիվացել են անշարժ գույքի հետ կապված խարդախության դեպքերը։
Զեղծարարները, օգտվելով քաղաքացիների անելանելի վիճակից և շուտափույթ տուն գտնելու ցանկությունից, կիրառում են ինչպես տարիների փորձված, այնպես էլ նոր՝ արտասահմանից կառավարվող սխեմաներ։
Թեմայի շուրջ իր մտահոգություններն է հայտնել հանրային գործիչ Անի Կարպետյանը՝ մանրամասնելով, թե ինչպես են գործում խարդախ խմբերը, ինչպես կարող են քաղաքացիները սեփական ուժերով ստուգել հայտարարությունները և ինչու է իրավապահներին դեռևս չի հաջողվում կանխել այս հանցագործությունները։
Կարապետյանի խոսքով՝ այս խնդիրը նոր չէ. դեռևս 2023 թվականին գործում էին կազմակերպված խմբեր, որոնց հիմնական թիրախում հայտնվել էին արցախցի մեր հայրենակիցները։ Խարդախները բնակարանները վարձակալում էին օրավարձով և հենց այդ նույն օրվա ընթացքում փորձում հնարավորինս շատ հաճախորդների բերել ու ցույց տալ տունը՝ ներկայացնելով այն որպես երկարաժամկետ վարձակալության գույք։
Խարդախության սխեմաներն այսօր էլ շարունակում են արդիական մնալ, սակայն այժմ դրանք ստացել են այլ դրսևորումներ։ Զեղծարարները գումարներ են կորզում նույնիսկ առանց ֆիզիկապես բնակարանը ցույց տալու՝ օգտագործելով այլ երկրների անշարժ գույքի լուսանկարները։
«Մի քանի օր առաջ մի քաղաքացի ահազանգ տվեց, ասաց, որ 200 000 դրամ փոխանցել է։ Ասում է՝ սկզբում ուրախացա, որովհետև դեպոզիտ չպահանջեց, որից հետո կապից դուրս էր եկել։ Պարզվել էր՝ սույն անձնավորությունը գտնվում էր Վրաստանում, այդ բնակարանի նկարներն էլ եղել էին Վրաստանի անշարժ գույքի շուկայից վերցրած լուսանկարներ։ Տվյալ քաղաքացին տուժել է, ցավոք, ոչինչ անել չկարողացանք»,- ցավով արձանագրում է Ա. Կարպետյանը։
Բանախոսը շեշտում է, որ նմանատիպ կեղծ հայտարարությունները շատ-շատ են, և մարդիկ հաճախ «թակարդն են ընկնում»՝ առանց տունը սեփական աչքով տեսնելու կանխավճար փոխանցելով։
Անի Կարպետյանը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և չվստահել ոչ մի գրավիչ առաջարկի․ «Քաղաքացիները պետք է ուշադիր լինեն։ Հնարավորություն կա այդ նույն նկարները «գուգլել» և տեսնել՝ արդյոք այդ բնակարանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, թե այլ երկրում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան