«Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում»,- գրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու հրապարակել կադրեր նախընտրական զորահանդեսի (կամ ինչպես Փաշինյանն ասաց՝ հաշվետվության) նախապատրաստական աշխատանքներից։ ՔՊ քաղտեխնոլոգները, թերևս, որոշել են, որ զենքերի ցուցադրությունն այս շրջանում պիտի միայն մեկանգամյա՛ ազդեցություն չունենա, այլ լինի մշտապես թարմացվող - թարմացնող թեմա՝ մեղմելով ՔՊ խաղաղապաշտությունից բխող անատամության դառնությունը։
Դիտարկենք նախարարի - վարչապետի տված կադրերում երևացող զենքերի տեխնիկատակտիկական բնութագրերը։

Առաջին զենքը, որ երևում է Պապիկյանի հրապարակած կադրերում ֆրանսիական CAESAR հրետանային համակարգն է՝ KNDS ռազմարդյունաբերական ընկերության արտադրության։ KNDS-ը Եվրոպայում մեծությամբ երրորդ ռազմարդյունաբերական ընկերությունն է, իսկ CAESAR-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային համակարգ է։
Առաջին մոդելը՝ CAESAR-1-ը, որն էլ վաճառվել է Հայաստանին, 6×6 հենասարքի՝ շասսիի վրա է։ Դրա թերությունները շտկելու համար մշակվել և արտադրվել է նոր տարբերակը՝ CAESAR-2-ը՝ 8×8 հենասարքով, միայն թե, ակնհայտորեն, Հայաստանին մատակարարվել է CAESAR-1-ը։
Տեխնիկական բնութագրում նշվում է, որ CAESAR ինքնագնացը հարթավայրային պայմաններում կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն, արտաճանապարհային պայմաններում՝ 50 կմ/ժ։ Պարզ է, որ Հայաստանում այս համակարգը չի կարող լինել նույնքան արագաշարժ, որքան՝ Ուկրաինայում է, Իրաքում, մյուս հարթավայրային երկրներում։
Խցիկը զրահապատ է և ապահովում է պաշտպանություն մինչև 7․62 մմ տրամաչափի փամփուշտներից՝ դիպուկահարի, գնդացրի, ինչպես նաև արկերի բեկորներից։ Որպես շփման գծից, մարտադաշտից հեռու աշխատող համակարգ՝ սա կարող էր բավարար լինել անձնակազմի անվտանգության համար, սակայն այսօր հայտնի է, որ նման թանկարժեք տեխնիկան դյուրությամբ հայտնաբերում և խոցում են անհամեմատ էժան և սրընթաց ԱԹՍ-ները։
CAESAR ինքնագնացը սպասարկում է 5 հոգանոց անձնակազմ։ Այն հագեցած է կրակի կառավարման Sigma-30 համակարգով, որը ներառում է NAVSTAR նավիգացիոն համակարգի ընդունիչ։ Ունի հրանոթի ամբողջական ինքնավար ուղղորդում, արկերի մատակարարման կիսաավտոմատ համակարգ, և սովորական ռեժիմում 1 րոպեում կարող է կրակել 6-8 արկ։ Կարող է ճշգրիտ հարվածել թիրախներին ավելի քան 40 կիլոմետր հեռավորության վրա։
Եվս մի տեսանյութ հրապարակել է Նիկոլ Փաշինյանը, և Սուրեն Պապիկյանը վերահրապարակել է այն։ Այստեղ ներկայացվում է հայկական «Դավարո» ընկերության արտադրության «Դև-3» հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքը։ Դավարոյի ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հրապարակված տեսանյութում այս սարքի դաշտային փորձարկումների տեսանյութ կա։ «Դև-3» ԱԹՍ-ները օդ են բարձրանում երամով՝ եռյակով, օպերատորը նրանցից յուրաքանչյուրի թռիչքին հետևում է էկրանով։ Էկրանին առկա է նաև քարտեզ, որի վրա նշված են թիրախային կետեր։ Հաջորդիվ ԱԹՍ-ներն իրականացնում են ճշգրիտ խոցումներ։ Տեխնիկական պարամետրեր հրապարակված չկան, և չենք կարող իմանալ առաջադրանքն ամբողջովին ավտոմատացված (առաքելություն) տարբերակով է իրականացվում, թե կա սարքն ուղղորդող օդաչու։
Դավարոյի` ավելի վաղ նկարահանումներից մեկում էլ տեսնում ենք, որ Դևը տակտիկական, հեռահար պարեկող զինամթերք է։ Ունի կամիկաձե ոճի հարվածների համար օպտիմալացված մարտագլխիկ, ինքնավար հեռակառավարման նավիգացիոն համակարգ և էլեկտրաօպտիկական սենսորներ: Բենզինային շարժիչով է, ունի մեկնարկի կետից շուրջ 200 կմ հեռանալու հնարավորություն։ Վրան առկա full HD նկարահանող գիմբալը աշխատում է -15-ից +40 աստիճանի պայմաններում՝ 30x zoom-ի ունակությամբ։ Կարող է կրել 8 կգ պայթուցիկ։
Ինչ խոսք, լավ է։ Մնում է հուսալ, որ Ֆրանսիական հրետանային համակարգերի պարագայում այս անգամ Հայաստանը հոգացել է նաև 155 մմ տրամաչափի արկերի մասին (նախկիններից մեր ունեցած խորհրդայիններն ու ռուսականները 152 էին), և չի կրկնվի առանց զինամթերքի Սու-30 ինքնաթիռների պատմությունը։
Եվ քանի որ մեր երկրում տարիներ շարունակ մայիսի 28-ի զորահանդես չի արվել, անհամբեր սպասենք առաջիկա նախընտրական տեսանյութերին․ ընտրություններ չլինեին, մենք մեր սպառազինությունից տեղյակ լինողը չէ՜ինք։
Մարտիկ Մինասյան