Հայաստանի 21 համայնքներում հոկտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Որոշ համայնքներում ՔՊ-ն հավաքել է 90, նույնիսկ՝ 100 տոկոս քվե։
Ի՞նչ հետևություններ կարելի է անել այս արդյունքներից։
Կարելի է կարծիք հայտնել, որ այս ընտրությունների արդյունքները մեզ մոտեցնում են Հս. Կորեային ու նման հակաքաղաքակրթական երկրներին։ Խորհրդային բռնազավթման տարիներին ևս առաջադրվում էր մեկ թեկնածու, որը, բնականաբար, հավաքում էր մոտ 100 տոկոս։
Տոտալիտար երկրներում, որտեղ չկա ժողովրդավարություն և քաղաքական մրցակցություն, այսօր էլ այդպես են անցկացվում ընտրությունները։ Դրանք իրականում ընտրություններ չեն, այլ ֆարս։ Մարդկանց զոռով քշում են տեղամասեր, հարկադրում քվեարկել իշխանության միակ թեկնածուի օգտին, իսկ ընդդիմադիր գործիչները բանտում են կամ ընդհատակում։
Հայաստանում ընդհանրություններ են ձևավորվում հակաքաղաքակրթական երկրների հետ։ Ընդդիմադիրների մի մասը բանտում են։ Օրենքը պահանջում է, որ համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ-երում պետք է լինեն 3 կուսակցություններ։ Բազմաթիվ համայնքներում 1 կամ 2 կուսակցություն է առաջադրվել, քանի որ կուսակցությունները ջախջախված վիճակում են։ Նրանք այնքան ջլատված վիճակում են, որ չեն կարողանում մի քանի հոգանոց ցուցակ կազմել ու մասնակցել ՏԻՄ ընտրություններին և օրենքի ուժով մանդատ ստանալ։
ՔՊ-ականները ոչ միայն չեն մտահոգվում ժողովրդավարական այս հետընթացով, այլև հոկտեմբերի 25-ի արդյունքները փորձում են ներկայացնել որպես ժողովրդի վստահության ցուցիչ։ Բայց մի՞թե 90 կամ 100 տոկոս ձայներ ստանալը, երբ բազմաթիվ համայնքներում նույնիսկ իրական մրցակցություն չի եղել, կարող է համարվել իշխանության նկատմամբ հանրային վստահության արժանահավատ ցուցիչ։ Ավելին՝ երբ ընտրողը չունի իրական այլընտրանք, նշանակում է, որ նա ազատ ընտրություն չի կատարել։ Հիշեցնենք, որ 2018-2022-ին Փաշինյանի հակաքաղաքակրթական կուրսը ազգային աղետների հանգեցրեց։ Սա պետք է սթափեցնի բոլորին, առաջին հերթին՝ ընդդիմադիր ուժերին։
Ժողովրդավարության էությունը միայն ընտրություններ կազմակերպելը չէ։ Այն ենթադրում է քաղաքական ուժերի ազատ մրցակցություն, առանց ճնշումների ընտրելու հնարավորություն, իշխանության փոփոխության ռեալ հեռանկար։ Հոկտեմբերի 25-ին այս պայմանները խաթարված էին, հետևաբար՝ ընտրությունները ժողովրդավարական անվանելը չափազանցություն կլինի։
Որքան էլ ցավալի է, բայց հարկ է նկատել, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները, քաղաքական ուժերի գործունեության համար ստեղծված անբարենպաստ պայմանները, հասարակության մի մասի հիասթափությունն ու անվստահությունը հանգեցրել են մի իրավիճակի, երբ իշխանության դեմ հանդես գալն այսօր դարձել է ավելի դժվար, քան երբևէ։
Սակայն պատասխանատվությունը միայն իշխանության վրա դնելն էլ օբյեկտիվ չէ։ Ընդդիմությունը չի կարողանում հասարակությանը համոզել, որ ինքը ոչ միայն քննադատելու, այլև երկիր կառավարելու ունակ է։ Նա դեռ չի կարողանում համախմբել համակիրներին, ձևակերպել քաղաքական գերնպատակ, ռեալ քաղաքական այլընտրանք դառնալ։ Այս պարագայում քաղաքական դաշտի ամայությունն աշխատում է ՔՊ-ի օգտին, ինչպես եղավ հոկտեմբերի 25-ին։
Իհարկե, Հս. Կորեայի կամ խորհրդային կործանված կայսրության հետ ասոցիացիաներն ինքնին չեն նշանակում, որ Հայաստանը նույն համակարգն ունի։ Սակայն երբ իշխանությունը փոշիացնում է քաղաքական համակարգը, իսկ ընդդիմությունը չի կարողանում իրական մրցակցություն ապահովել, ապա ժողովրդավարության անկման մասին ահազանգերը միանգամայն հիմնավոր են։
Կարճ ասած՝ ՔՊ-ի այս հաղթանակը ժողովրդավարության պարտությունն է մեր երկրում, քաղաքացիական հասարակության ջախջախումը։ Պարտված են նրանք, որոնք ուզում են, որ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն դառնա, քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ մասը։ Եվս մի քանի այսպիսի հաղթանակ, ու ժողովրդավարական Հայաստանից բան չի մնա։
Թաթուլ Մկրտչյան