Ներքին 5 ամիս առաջ - 17:48 26-01-2026

Իրեղեն ապացույցի բացակայությունը չի նշանակում, որ Արշակ Սրբազանի գործը կփակվի

Մամուլը գրում է, որ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը կորել է։ Խոսքը թմրանյութով գլանակի մասին է, որը հայտնաբերվել է դեռ 2018 թվականին՝ Վեհափառի դեմ ակցիա իրականացնող անձանցից մեկի պայուսակում, սակայն այն Արմավիրի մարզային քննչական վարչությունից անհետացել է։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ իր տրամադրության տակ գտնվող նյութերում նման հանգամանք չկա․

«Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը, քանի որ իմ ունեցած նյութերում նման հանգամանք չի երևում։ Իմ մոտ են այն նյութերը, որոնք այս փուլում ներկայացված են կալանքի միջնորդության քննության համար՝ քննիչի որոշմամբ։ Այդ շրջանակում որևէ արձանագրում չկա, որ բացակայում է իրեղեն ապացույցը կամ առկա է նման հանգամանք»։

Խոսելով ընդհանրապես նման իրավիճակների մասին՝ Արսեն Բաբայանը նշել է, որ իրեղեն ապացույցի հնարավոր անհետացման դեպքում նախ պետք է պարզվեն հանգամանքները, և միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատել դրա ազդեցությունը քրեական վարույթի վրա։

«Նման դեպքերում պետք է քննությամբ պարզվի՝ արդյոք նման բան կա՞, ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա ապացուցման գործընթացի վրա։ Միայն դրանից հետո կարելի է իրավական գնահատական տալ»,- շեշտում է նա։

Արսեն Բաբայանը նկատում է՝ իրեղեն ապացույցի բացակայությունը ինքնին չի նշանակում, որ գործը «փլվում է» կամ մեղադրանքը չի կարող հիմնավորվել․

«Չի նշանակում, որ եթե իրեղեն ապացույցը բացակայում է, գործն ավարտված է։ Կան դեպքեր, օրինակ՝ թմրամիջոցների գործերով, երբ նյութը ամբողջությամբ օգտագործվում է փորձաքննության ընթացքում, սակայն փորձագետի եզրակացությունը շարունակում է հանդիսանալ ապացույց։ Այսինքն՝ ֆիզիկական առարկայի բացակայությունը չի նշանակում, որ իրադարձությունը չի եղել»:

Բաբայանն ընդգծել է, որ դատարանում իրեղեն ապացույցը, իհարկե, կարևոր նշանակություն ունի՝ որպես անմիջականորեն հետազոտվող նյութ, սակայն դրա բացակայությունը ավտոմատ կերպով չի վերացնում քրեական վարույթի իրավական հիմքերը:

Հարցին՝ իրեղեն ապացույցի կորստի դեպքում ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում՝ Արսեն Բաբայանը պատասխանեց.

«Եթե ապացույցի կորուստը տեղի է ունեցել ոչ օբյեկտիվ հանգամանքների հետևանքով, օրինակ՝ անփութության, անօրինական գործողության կամ ծառայողական պարտականությունների խախտման պատճառով, ապա անպայման պետք է վրա հասնի պատասխանատվություն՝ լինի քրեական, թե կարգապահական՝ կախված հանգամանքներից և գործած արարքի բնույթից»։

Արսեն Բաբայանը հավելեց, որ միայն հանգամանքների լիարժեք քննությունից հետո հնարավոր կլինի գնահատել, թե իրեղեն ապացույցի հնարավոր կորուստն ինչ իրավական ազդեցություն կարող է ունենալ Արշակ սրբազանի գործի վրա։

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին