Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:30 27-09-2025

Զոհվածների անունները ոնց հրապարակեն, երբ 5000 զոհ չի, 15000 ա․ հարցում

Այսօր՝ սեպտեմբերի 27–ին, 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 5 տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց լայնածավալ պատերազմը։ Այդ օրն առավոտյան 7:10-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։

Պատերազմից 5 տարի է անցել, սակայն պաշտոնական հստակ տվյալներ չկան զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին։ Մինչ օրս չի հրապարակվում նաև զոհվածների անունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ 44-օրյա պատերազմից 5 տարի անց զոհվածների անունները չեն հրապարակվել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա անարգանք է զոհվածների նկատմամբ, որոշներն էլ դժվարացան որևէ կարծիք հայտնել։

«Մի քիչ վերև ա նստած, իրան հարցրեք։ Թող ինքը պատասխանի ինչի՞ պարտվեցին, ինչի՞ Ղարաբաղ կորցրին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ղեկավարությունը թյուրիմացություն է։

«Որովհետև թյուրիմացություն ա ղեկավարությունը։ Ոնց կարա անի դա, երբ որ 5000 չի, 15000 ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այդ ամենը անարգելուն է միտված։

«Դա լինի 5 տարի անց, թե 10 տարի անց, միևնույնն է այն վերաբերմունքը, որը ունեն այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց վերջին շունչը փչել են էն մտքով, որ Արցախն են պաշտպանում, հայերին են պաշտպանում, ամբողջությամբ անարգել են նրանց նպատակը։ Անուններ չհրապարակելը ևս այս ամբողջ իմաստի մեջ է»,- ասաց նա։

«Որովհետև շատերին պետք էր էս զոհերը՝ ինքնահաստատվելու, պաշտոն ունենալու ու հենց դրա համար էլ էկան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․