Ներքին 51 րոպե առաջ - 17:40 17-10-2026

Փաշինյանի նոր հույսը․ ինչպես է սնանկ ընկերությունը «լավացնելու» Հայաստանի երկաթուղին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին ամիսներին հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում էր մի թեմա, որը թվում էր, թե կտանի դեպի հայ-ռուսական հերթական մեծ տնտեսական «ամուսնալուծությանը»:

Խոսքը Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պայմանագիրը խզելու և այն ռուսական կողմից հետ վերցնելու մասին էր: Կառավարության աղբյուրներից և անձամբ վարչապետի հայտարարություններից տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանն ունի բոլոր իրավական հիմքերը ռուսական «Մայր ընկերության»՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու համար քննարկվում էին անգամ սցենարներ, որ ռուսական կողմն իր իրավունքները 350-400 միլիոն դոլարով կվաճառի մեկ այլ՝ երրորդ երկրի (օրինակ՝ Ղազախստանին կամ Արաբական Էմիրություններին)։

Սակայն օրերս տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ: Հոկտեմբերի 14-ին Երևան ժամանեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից անմիջապես հետո նախկին կոշտ հռետորաբանությունն անհետացավ։

Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանը ռուսական կոնցեսիայի հետ «ոչ մի խնդիր չունի», պարզապես ցանկանում է, որ երկաթուղին լինի ավելի մրցունակ։ Կողմերը պայմանավորվեցին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը երեք ամսում պետք է ծրագիր ներկայացնի երկաթգիծը «լավացնելու» համար։

Այսինքն՝ ռուսներից երկաթուղին վերցնելու թեման պաշտոնապես փակվեց։ Բայց այստեղ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ ու հարցեր, որոնք կառավարությունը նախընտրում է շրջանցել։ Ամենամեծ հարցականը կապված է հենց ռուսական մայր ընկերության ֆինանսական վիճակի հետ։

Ուկրաինական իրադարձություններից հետո այս ընկերությունը հայտնվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ամենախիստ պատժամիջոցների տակ։ Արևմտյան բանկերի կողմից հաշիվների արգելափակման պատճառով РЖД-ն չկարողացավ միջազգային ներդրողներին վճարել իր պարտքերը, ինչի հետևանքով պաշտոնապես հայտարարվեց ընկերության «տեխնիկական դեֆոլտի» (սնանկության) մասին։

Բացի այդ, սանկցիաների պատճառով ընկերությունը չի կարողանում արևմտյան ժամանակակից տեխնիկա, գնացքներ կամ պահեստամասեր գնել։ Այստեղից ծնվում է տրամաբանական հարցը. եթե ընկերությունն ինքը միջազգային շուկայում համարվում է սնանկ ու զրկված է տեխնոլոգիաներից, ինչպե՞ս է կատարելու Հայաստանի երկաթուղին «լավացնելու» իր խոստումը։

Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը հանգստացնել՝ նշելով, որ տրանսպորտային ենթակառուցվածքների մասով միջազգային սանկցիաները որոշակի բացառություններ ունեն և ուղղակիորեն չեն հարվածի Հայաստանին։ Սակայն փորձագետների կարծիքով, իրականությունն այն է, որ սանկցիաների տակ գտնվող գործընկերոջ հետ երկարաժամկետ ռազմավարական պլաններ կազմելը Հայաստանին դնում է երկրորդային պատժամիջոցների ռիսկի տակ։

Բացի այդ, եթե Հայաստանը ցանկանում է կյանքի կոչել իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և բացել սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որքանով է գրավիչ լինելու այդ ճանապարհը միջազգային խոշոր լոգիստիկ ընկերությունների համար, եթե գծերի տնօրենը մնալու է սև ցուցակներում հայտնված ռուսական ընկերությունը։

Հասմիկ Մովսիսյան