«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ԱՆԻՖ-ի շուրջ կրքերն առ այսօր չեն հանդարտվում։
Ֆոնդը, որի տնօրենների խորհրդի նախագահը Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր, իր գործունեության ընթացքում ծախսեց է ավելի քան 10 մլրդ դրամ ու լիովին ձախողվեց։ Փաստերի ճնշման ներքո այս իրողությունն անգամ ՔՊ-ականները չեն հերքում։ Լրագրողական հետաքննությունների համաձայն՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ժամանակ ԱՆԻՖ-ը ներդրումներ է հատկացրել նրա համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին:
ԱՆԻՖ-ի տխուր ճակատագիրը, կասկածելի ու միլիարդների փոշիացած ներդրումները օրերս Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում էր, որտեղ իր տարեկան հաղորդում էր ներկայացնում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Վարդապետյանը շատ կարճ ժամանակում քրեական հետապնդման հնարավորությունները չէր բացառել։ «ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Մասդար».... ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագների», - ասաց գլխավոր դատախազը:
Հատկանշական է, որ Աննա Վարդապետյանը հայտարարեց, թե միտումնավոր է մեջբերում ընկերությունների անունները, քանի որ լրատվամիջոցների հրապարակումները շատ անգամ հենց դրանց են վերաբերում: Գլխավոր դատախազի խոսքով, ով խոստացավ առաջիկայում հանրությանը նոր մանրամասներ ներկայացնել, սա մի քանի դրվագով ու մի շարք անձանց վերաբերվող գործ է։ Հարցին էլ, թե այս գործով նախկին ու ներկա պաշտոնյաներ հարցաքննվե՞լ են՝ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ 2 մլն դրամ գումարին առնչվող 1 դրվագով արդեն իսկ առկա հեռանկարով քննություն, որի շրջանակներում հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել ներկա ու նախկին պաշտոնյաները՝ չհստակեցնելով սակայն, թե ովքեր են հարցաքննվել և ում նկատմամբ է լինելու հետապնդումը՝ նախաքննությանը չվնասելու պատճառաբանությամբ:
Փորձագիտական ու վերլուծական շրջանակները պնդում են, որ Տիգրան Ավինյանի գլխին սև ամպեր են կուտակվում, քանի որ քննվող քրեական գործերի հիմնական մասը վերաբերում են հենց նրա պաշտոնավարման շրջանին։ Չնայած այս ամենին, Տիգրան Ավինյանը փորձում է հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ քրեական վարույթներն իրեն չեն մտահոգում, և ինքը վախենալու պատճառ չունի․ օրինակ՝ ապրիլի սկզբին նա հերքել էր, որ ԱՆԻՖ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նաև իրեն առնչվող իրավական գործընթացներ կան՝ հայտարարելով, որ եթե իրենց գործողությունները կառուցեին մամուլում առկա նմանատիպ հոդվածների հիման վրա, ապա սխալ տեղում կհայտնվեին։ «Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- պնդել էր նա։ Ապրիլի վերջին էլ Ավինյանը նյարդայնացել էր ԱՆԻՖ-ի մասին լրագրողի հարցից ու այսպես արձագանքել․ «Ես ԱՆԻՖ հիմնադրամից, ԱՆԻՖ ՓԲԸ-ից երբևէ աշխատավարձ չեմ ստացել: ԱՆԻՖ-ի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն կանդրադառնամ»:
Ավինյանի հավաստիացումները գուցե հանրությանը հավատ ներշնչեին, եթե վերջինիս անվան հետ ասոցացվող լրատվամիջոցները, մասնավորապես՝ Radar.am-ը, վերջին շրջանում լծված չլինեին ԱՆԻՖ-ը փառաբանելու քարոզչությանը։ Մասնավորապես միայն մայիսի 2-7-ը ընկած ժամանակահատվածում հիշյալ լրատվամիջոցում ԱՆԻՖ-ի վերաբերյալ 5 հրապարակում է կատարվել, ընդ որում դրանցից 4-ը մայիսի 6-ին և 7-ին։ Մայիսի 2-ին հիշյալ լրատվամիջոցը հայտնել է, որ Իսրայելի ՊՆ-ն Գազայի հատված հումանիտար օգնության առաքումը վստահել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդատվական ընկերություններից «Օրբիսին»՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ վերջինս համագործակցում էր նաև ԱՆԻՖ-ի հետ։ Մայիսի 6-ին արդեն լրատվամիջոցը նշում է, որ ԱՆԻՖ–ը 4.13 մլրդ ՀՀ դրամի պետական ֆինանսավորմամբ ապահովել էր այդ գումարի 21.36-ապատիկ ներդրումային հոսք, վճարել ավելի մեծ հարկեր, իսկ դրա խարխլումն ու կազմաքանդումը տեղի ունեցավ համակարգային սխալների, ոչ կոմպետենտ միջամտությունների և անպատասխանատու որոշումների հետևանքով։ Նույն օրը կատարված մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ ԱՆԻՖ-ի հաջողությունը մեծապես պայմանավորված էր միջազգային կապերով ու փորձառու մասնագետների ներգրավմամբ, սակայն Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի քաղաքականության արդյունքում կառույցի ղեկավարությունը փոխարինվեց կասկածելի որակավորմամբ կադրերով, ինչը հանգցրեց հիշյալ փորձառու մասնագետների հրաժարականներին։ Այս հրապարակումը ակնհայտ նպատակ ունի սրբագրել Տիգրան Ավինյանին և ԱՆԻՖ-ի տապալման ողջ մեղքը բարդել Վահան Քերոբյանի վրա։
Հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, լրատվամիջոցը մեզ ծանոթացնում է, թե ինչ իրական արդյունքներ է արձանագրել ԱՆԻՖ-ը։ Այդ արդյունքներն են՝ 210 մլն ԱՄՆ դոլար (81.06 մլրդ ՀՀ դրամ) օտարերկրյա ներդրում, 9 մլրդ ՀՀ դրամ տեղական ներդրում և 900 մլն ՀՀ դրամ մասնավոր համաներդրում, 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկեր՝ 2021-2024թթ., 800+ նոր աշխատատեղեր, ARFI ներդրումային հարթակի ստեղծում։ Հրապարակման մեջ նշվում է, որ գործունեության ընթացքում պետական ֆինանսավորումը քանիցս ուշացվել է, սակայն դրա հետ մեկտեղ ԱՆԻՖ-ը կարողացել է պահպանել բնականոն աշխատանքը։ Նույն օրը ԱՆԻՖ-ի արձանագրած իրական արդյունքների վերաբերյալ մյուս հրապարակումը կրկնում է նախորդ հրապարակումներում տեղ գտած թեզերը, համառորեն պնդում, որ ԱՆԻՖ-ը ձախողվեց ոչ թե իր արդյունավետության պակասի, այլ անպատասխանատու կառավարման ու ապակառուցողական միջամտությունների պատճառով:
Այսպիսով՝ թեպետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ ԱՆԻՖ-ի անփառունակ ձախողման ու միլիարդավոր դրամների մսխման կապակցությամբ հարուցված քրեական գործերն իրեն չեն անհանգստացնում, սակայն նրա հետ փոխկապակցված լրատվամիջոցի հրապարակումներն ու դրանցում առկա շեշտադրումները հակառակի մասին են վկայում։ Այս հրապարակումներում կարմիր թելով անցնում և հանրությանը որպես 100 տոկոսանոց ճշմարտություն է մատուցվում այն քարոզչական թեզը, թե ԱՆԻՖ-ի կազմաքանդումը համակարգային սխալների, ոչ կոմպետենտ ղեկավարության ու անպատասխանատու որոշումների արդյունք էր։ Եթե այս նախադասությունը փորձենք «դիվանագիտական» լեզվից թարգմանենք, ապա հետևյալ կերպ կստացի․ «խեղճ Ավինյանն ինչ էր աներ, ԱՆԻՖ-ի տապալումը բերեցին, գցեցին իր գրպանը»։
Կարճ ասած՝ Տիգրան Ավինյանը պնդում է, որ ԱՆԻՖ-ի շուրջ հարուցված քրեական գործերից ու դրանց հնարավոր ընթացքից չի վախենում, սակայն «թքում է» քամուն հակառակ՝ անհարմար վիճակում դնելով առաջին հերթին հենց իրեն։ Կարծում ենք, որ տվյալ իրավիճակում առավել ողջամիտ կլիներ, եթե Ավինյանն առնվազն ԱՆԻՖ-ի հարցում չփորձեր սրբադասվեր, քանի որ հիշյալ լալահառաչ հրապարակումները չեն համոզմում անգամ իր թիմակիցներին ու սակավաթիվ աջակիցներին։