ԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը
copy image url

ԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը

Ներքին 2 ժամ առաջ - 18:31 09-07-2025
Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կարևոր հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնությունը և Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկության հաստատումը։ Նշյալ որոշումներն ավելի կմերձեցնեն Հայաստանը և ԵՄ-ը։

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի և ԵՄ միջև ոլորտային առավել սերտ համագործակցությանը և կապակցվածության ու բիզնես ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։

Գործընկերության կոմիտեն դիտարկել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտում բարեփոխումների, իրավապահ համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում զարգացումները։ ԵՄ-ը գնահատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղություններով արձանագրված շոշափելի առաջընթացը։ ԵՄ-ն ընդգծել է նշված ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը։ Կողմերն ընդգծել են որոշումների կայացման և հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարևորությունը։

Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությունները, թվային և կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունել են Հայաստանի և ԵՄ միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։ Կողմերը քննարկել են համագործակցության նոր ուղղություններ՝ կենտրոնանալով հիբրիդային և կիբերսպառնալիքների, արտաքին միջամտությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում դիմակայության կարողությունների զարգացման վրա։ Վերահաստատել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևոր ներդրումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում։

Գործընկերության կոմիտեին քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով ստորագրել և վավերացնել այն։ ԵՄ-ն ընդգծել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Հանդիպումը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոն Պերկաուսկիենեն:

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան
23:29 Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են․ Հարութ Սասունյան
23:54 Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Փաշինյանի ձեռքով. Թաթոյան