Ուղիղ եթեր
Կուրսանտի հետ զգույշ խոսեք քրեական ենթամշակույթի մասին 
copy image url

Կուրսանտի հետ զգույշ խոսեք քրեական ենթամշակույթի մասին 

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 13:00 10-04-2025
Խավարը լույսի բացակայությունն է, ասել է Ալբերտ Այնշտեյնը։ Նույնպես՝ չարը Աստծո բացակայությունն է։ Խավարի դեմ պայքարի ուղիղ ձևը լույսը վառելն է։ Չարի դեմ պայքարի առաջին քայլը Աստծուն հավատալն է։ Աստծու մոտ տանող ճանապարհի առաջին քայլը սիրելն է։

Բացասական երևույթների դեմ պայքարի այս մոտեցումները ոչ ամենուր են կիրառվում։ Հանցագործությունների դեմ պայքարող իրավապահները երբեմն փորձում են մտածել հանցագործի պես, հասկանալու քրեական ենթամշակույթի բարքերը և այլն։ Նրանց մի մասը դժվարանում է լրիվ հետ գալ և շարունակում աշխարհին նայել գողականի աչքերով։ Ցավալի է, իհարկե, բայց նման կերպարանափոխություններ լինում են։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը ՀՀ Զինված ուժերում» թեմայով: Նման դաս նա անցկացրել է նաև փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար: Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանն անդրադարձել է Զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, կոնֆլիկտների կառավարման և որոշում ընդունելու հմտությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծային մոդելների վերլուծությանը, Զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ոչ ստանդարտ լուծումներին:

Արդյո՞ք բանակում հանցագործությունների դեմ պայքարի ստանդարտ մեթոդները սպառվել են, որ անցել են ոչ ստանդարտին։ Եվ արդյո՞ք կարծում են, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի վարպետաց դասով զինված կուրսանտը սկզբունքային պայքար է սկսելու քրեական ենթամշակույթի դեմ, ու այդ պայքարի արդյունքում հանցագործությունները բանակում շեշտակի պակասելու են։

Վարպետաց դասի մասին տեսանյութերը դիտողը կարող է ասել, որ գլխավոր դատախազը պաշտոնի բերումով լավ ուսումնասիրել է քրեական ենթամշակույթը, հանցագործների վարքը, մտածողությունը։ Սակայն այս ուսումնասիրությունը կուրսանտներին փոխանցելը ռիսկային է։

Հոգեբանները կարող են փաստել, որ դեռահասները, երիտասարդները հակված են դեպի բացասական երևույթները։ Քրեական բարքերի մասին սերիալներ, ֆիլմեր դիտող երիտասարդների ու դեռահասների մի մասը փորձում է ընդօրինակել հանցագործին, քրեական ենթամշակույթի կրողին, նրա վարքը, խոսքը և այլն։ Սա հաշվի առնող ուսուցիչները, դաստիարակները քարոզում են առաքինություն, պատմում ոչ թե քրեական ենթամշակույթի կրողի, այլ առաքինի մարդու, արդարի մասին, որ դեռահասն ու երիտասարդը ընդօրինակեն ոչ թե չարագործին, այլ օրինապահին, առաքինի, բարի մարդուն։ Ոչ թե կասկածեն, այլ հավատան։

Կուրսանտները վաղվա հրամանատարներն են, պաշտոնի բերումով, ենթադրաբար, կարող են բախվել քրեական ենթամշակույթի կրող զինվորների, ծառայակիցների հետ, քանի որ այդ բարքերը թափանցում են բանակ։ Այս առումով՝ գուցե օգտակար կարող է լինել քրեական ենթամշակույթի կրողների մտածողության, բարքերի մասին գլխավոր դատախազի վերլուծությունը։ Սակայն քանի որ կուրսանտները երիտասարդ են և բարոյապես դեռ լրիվ չձևավորված, ապա ռիսկ կա, որ գլխավոր դատախազի վարպետաց դասի տպավորության տակ կուրսանտը կարող է դառնալ քրեական ենթամշակույթի կրող։ Այսինքն՝ կուրսանտը քրեական մտածողության, վարքի մասին դասի ազդեցությամբ կարող է ընդօրինակել այդ մտածողությունն ու վարքը և կիրառել ծառայության ընթացքում։ Արդյունքում՝ բանակում հանցագործությունները ոչ թե կպակասեն, այլ կաճեն, քրեական ենթամշակույթի տարածումը ոչ թե կկանխվի, այլ հակառակը՝ կծաղկի։

Կարճ ասած՝ երիտասարդի հետ քրեական ենթամշակույթի մասին խոսելիս հարկ է զգուշություն պահպանել, որ ունկնդիրը ընդօրինակելու գայթակղություն չունենա, չդառնա այդ ենթամշակույթի կրող։ Եթե ցանկություն կա բանակը հեռու պահել հանցագործություններից, քրեական բարքերից, ապա, հավանաբար, արդյունավետ կլինեն ստանդարտ լուծումներն՝ առաքինության, օրինապահության վարպետաց դասերը։ Տվյալ դեպքում՝ արդյունավետ կլինի, եթե կուրսանտներին արդարամտության դաս կարդան, թե ո՞վ է արդարամիտը, ինչպե՞ս արդարամտությամբ կանխել հանցագործությունները, ի՞նչ վատ հետևանք է ունենում հրամանատարի անարդար որոշումը։ Իսկ եթե շատ են հակված ոչ ստանդարտ լուծումներին, ապա կարող են կուրսանտներին տնային առաջադրանք տալ՝ ուտոպիա գրել վաղվա երջանիկ Հայաստանի մասին, որտեղ ո՛չ հանցագործություն կա, ո՛չ բանտ, ո՛չ քրեական ենթամշակույթի կրող, ո՛չ էլ վերջինիս մասին կուրսանտին պատմող գլխավոր դատախազ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
13:32 Տվեք ինձ ձեր ավել 450 հազար դրամը, ես ձեր ընտանիքին ապոհովեմ մակարոնով, կետչուպ էլ կտամ․ ՔՊ-ական