Նախանձելի է այն ագրեսիան ու այն կիրքը, որով խոսում եք Դաշնակցության դեմ. Դրանով կարող եք համեմատվել կոմունիստների, Բաքվի բանտում հայ գերիներին մեղադրանք ներկայացնող դատախազի հետ, մեկ էլ ՀՀՇ-ի հետ, բայց իրենք մի քիչ ավելի ինտելեկտուալ էին: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին։
Նա խնդրեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին հնարավորինս շատ հակադաշնակցական ելույթներ ունենալ. «Ես Դաշնակցության իմիջի բարձրացման, Դաշնակցության շուրջ մոբիլիզացիայի ապահովման ավելի լավ տարբերակ չգիտեմ։ Իսկ երբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գլխավոր բանակցողներն են ամեն բանակցությունենրից հետո գալիս հակադաշնակցական ելույթներ ունենում, դա խոսում է ավելի բարձր, քան ցանկացած խոսքերը»։
Քրիստինե Վարդանյանը նաև նշեց. «Այստեղ մի նարատիվ է նկատվում. այս մարդիկ իրենց համեմատում են Առաջին հանրապետության այրերի հետ։ Այսինքն՝ ով ում հետ է համեմատվում։
Այդ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը մեր Արամ Մանուկյա՞նն է։ Այդ մարդը բացի այն, որ պետականաստեղծ էր, պետության հիմնադիր էր, Վանի հերոսական ինքնապաշտպանություն էր կազմակերպել, նրա մասին ամենահայտնի պատմություններից մեկն այն է, որ հրաժարվել է տիֆի պատվաստանյութից, որ որբերին դա հասնի։ Այս մարդուն ասում ենք՝ պադավատներից մեկից հրաժարվի, ձեռքը չի գնում դա անի։
Կամ այդ տրամաբանության մեջ մեր Դրոն Սուրեն Պապիկյա՞նն է։ Ձեր ծիծաղն էլ է գալիս։
Ալեն Սիմոնյանն ո՞վ է այդտեղ։ Հովհաննես Քաջազնունին ո՞վ է, ում տղան նահատակվել է Հայաստանի անկախության համար մղված պատերազմում։
Դաշնակցությունը Հայաստանի անկախության համար մղված պատերազմում ամենաշատ զոհերը տված ուժն է։ Այստեղ գալիս ու ասում են՝ Դաշնակցությունն Հայաստանի անկախությանը դեմ է եղել: Բա որ Դաշնակցությունը Հայաստանի անկախությանը դեմ էր, դաշնակցական ջոկատները, Շահեն Մեղրյանը, Դուշման Վարդանը Արցախի անտառներում հայկական ուժերի դեմ էին կռվո՞ւմ: Ի՞նչ էին անում այնտեղ։
Նա անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա ելույթին՝ նշելով. «Ալեն Սիմոնյանը այս ամբիոնից, տեսեք ինչպես է նկարագրում այն մարդուն, ում վրա թքել է. ասում է՝ որդիներին բանակից ազատած: Գիտե՞ք ում մասին է խոսում։ Ալեն Սիմոնյանը խոսում է ցեղասպանության հետևանքով Լիբանանում ծնված, հետո Կանադայում բնակություն հաստատած հայի մասին, ով երևի ձեր կոչով փոխադրվել է Հայաստան: Ու այդ մարդուն, դուք ասում եք՝ բանակից ազատել է տղաներին։ Այսինքն ձեր «Քայլ արա դեպի տունը» ասում է՝ քայլ արա, արի տուն, թքեմ վրադ ռադ եղի ստեղից։ Դա է ձեր կոնցեպտը»:
Ելույթի վերջում Քրիստինե Վարդանյանն ասաց. «Այս պետությունը չի կարող լինել երշիկի ու հարկ տալու մասի։ Այս պետությունը հայկական պետության մասին կարող է լինել՝ այդ ինքնության պաշտպանման ու զարգացման մասին։ Ինչքան էլ ուզեք ձեր երշիկ-կալբասային կոնցեպտով թաքցնել «Արևմտյան Ադրբեջանը», դա ձեզ մոտ չի ստացվելու»։