Վարդան Ղուկասյան. իշխանափոխության սիմվո՞լ, թե՞ Փաշինյանի «սրտի ընդդիմադիր»
copy image url

Վարդան Ղուկասյան. իշխանափոխության սիմվո՞լ, թե՞ Փաշինյանի «սրտի ընդդիմադիր»

Ներքին Միտք 1 օր առաջ - 16:30 17-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների թնջուքը երեկ հանգուցալուծվեց. Հայաստանի երկրորդ խոշոր համայնքը կունենա ընդդիմադիր համայնքապետ։ Ապրիլի 19-ին Վարդան Ղուկասյանը 5-րդ անգամ կսանձնի Գյումրու ղեկավարումը, ինչը հնարավոր դարձավ բացառապես մարտի 30-ին կայացած ընտրությունների արդյունքներով ավագանի անցած ընդդիմադիր ուժերի ցուցաբերած աջակցության շնորհիվ։

Ղուկասյանի վերադարձը ՔՊ-ում լուրջ ջղաձգումներ է առաջացրել։ Իշխանականները ընտրություններում կրած պարտությունից հետո փորձում էին ամեն կերպ պղտորել ընդդիմադիրների ջրերը և թույլ չտալ նրանց համախմբումը, ինչը, չհաջողվեց՝ ի պատիվ նույն ընդդիմադիրների, մասնավորապես՝ Մարտուն Գրիգորյանի, ով ՔՊ-ին իշխանազրկելը վեր դասեց Վարդան Ղուկասյանի հետ ունեցած երկարամյա թշնամանքից ու աջակցեց վերջինիս ընտրությանը։ Առանց Մարտուն Գրիգորյանի աջակցության՝ Ղուկասյանի ընտրությունը չէր կայանա, ավելին՝ երկրորդ փուլում այն կարող էր հանգեցնել ՔՊ-ի թեկանածուի՝ Սարիկ Մինասյանի ընտրությանը։ Այժմ էլ իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրությունների գնալ, ինչն այս պահին՝ առնվազն մինչև 2026-ի համապետական ընտրությունները, անիրատեսական է։

Ստեղծված իրավիճակում Վարդան Ղուկասյանը պետք է լինի բոլորի քաղաքապետը, այլապես պաշտոնին կարող է հեշտությամբ հրաժեշտ տալ պաշտոնին, որը 13 տարի անց կարողացավ վերադարձնել։ Ղուկասյանին որոշումներ ընդունելու և բարեփոխումներ իրականացնելու հարցում ևս անհրաժեշտ է լինելու ընդդիմադիրների աջակցությունը, ուստի վերջինս իր պետք է հաշվի առնի բոլորի տեսակետներն ու մոտեցումները՝ ՔՊ-ականներին թույլ չտալով պղտոր ջրում ձուկ որսալ։ Այն, որ Հայաստանում կառավարող կուսակցության ներկայացուցիչները չեն համակերպվելու Գյումրիում հաստատված իրողության հետ և նման փորձեր կատարելու են, կասկածից վեր է։

Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում ևս ոգևորության և լավատեսական տրամադրություններ պակաս կարծես թե չկա։ Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ Գյումրիում՝ ի դեմս Վարդան Ղուկասյանի, իշխանափոխության գործընթացը մեկնարկել է, և արձանագրված հաջողությունն անհրաժեշտ է պրոյեկտել համապետական մակարդակով։ Իշխանափոխության սիմվոլ դառանլու հեռանկարը ոգևորել է նաև անձամբ Վարդան Ղուկասյանին, ով երեկ լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հաջորդ տարի կարող է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, եթե ժողովուրդը նման ցանկություն հայտնի։

Չնայած Վարդան Ղուկասյանը խարիզմատիկ գործիչ է և տեղական մակարդակում վայելում է գյումրեցիների լայն շերտերի վստահությունը, այնուամենայնիվ վերջինս հաստատպես այն գործիչը չէ, ով կարող է հաջողությամբ առաջնորդել իշխանափոխության գործընթացը։ Ղուկասյանը և իրեն ոգևորողները չպետք է անտեսեն այն իրողությունը, որ նախկին քաղաքապետին հաջողվեց վերադառնալ իշխանության ոչ միայն իր վարկանիշի, որը նույնպես ցածր չէր, բայց նաև բավարար էլ չէր, այլև հավաքական ընդդիմության աջակցության շնորհիվ, որը Գյումրիում կոնսենսուս մինուս մեկ էր ձևավորել՝ բացառելով ՔՊ-ի հետ համագործակցության հեռանկարը։ Համապետական մակարդակում դժվար է ակնկալել, որ Ղուկասյանի շուրջ նման կոնսոլիդացիա կձևավորվի։

Բացի այդ, Վարդան Ղուկասյանը խոցելի և կենտրոնական իշխանության համար բավականին նախընտրելի գործիչ է, կարող ենք պնդել նա Նիկոլ Փաշինյանի «սրտի ընդդիմադիրներից է»։ Անձամբ Ղուկասյանի և նրա մերձավորների նկատմամբ առկա են բազմաթիվ քրեական գործեր, և իշխանությունը հեշտությամբ կարող է գնալ նրան ձերբակալելու և քաղաքական պրոցեսներից մեկուսացնելու ճանապարհով, եթե իրավիճակն իսկապես դուրս գա վերահսկողությունից և Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ առաջացնի։ Եթե հիփոտետիկ ընդունենք, որ Գյումրու համայնքապետին հաջողվել է ստանձնել ըննդիմության առաջնորդությունը և սասանել Փաշինյանի իշխանության հիմքերը, ապա նրա մեկուսացումից հետո պայքարն աստիճանաբար կմարի, ՔՊ-ն էլ կվերարտադրվի։

Կարճ ասած՝ Վարդան Ղուկասյանը չպետք է վերածվի իշխանափոխության սիմվոլի, եթե իհարկե գործընթացի նպատակն իրական իշխանափոխությունն է, այլ ոչ թե հերթական անգամ նման իմիտացիա անելը։ Ամենևին չկասկածելով Գյումրու համայնքապետի ձգտումների ազնվությանը, կարծում ենք, որ իշխանափոխության գործընթացում նրա լավագույն ներդրումը կլինի տեղում արդյունավետ կառավարումն ու իր նախընտրական ծրագրերի իրագործումը, ինչի դեպքում գյումեցիներն ու Ղուկասյանին աջակցած ընդդիմադիր ուժերը չեն զղջա իրենց որոշման համար, հաջորդ տարի սպասվող համապետական ընտրությունների ժամանակ էլ ՔՊ-ն Գյումրիում շեշտակիորեն պակաս ձայներ կստանա ու մեծ հավանականությամբ կիշխանազրկվի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է