Ներքին 1 ժամ առաջ - 16:59 16-10-2026

Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ

SHAMSHYAN.com-ը 2025 թվականի հուլիսի 14-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Nissan»-ի և 2 «Opel»-ների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով կային վիրավորներ։

Տեղեկացրել էինք, որ ավտոմեքենաներից մեկը շահագործվում էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին է դիմել նշված ավտոմեքենաներից մեկի վարորդ՝ Կապանի բնակիչ 54-ամյա Ռոբերտ Գալստյանը և հայտնել, որ 2025 թ. հուլիսի 1-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում 3 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարների մասնակից մեքենաներից «ՎԱԶ 2121»-ը պատկանում է Կապանի քաղաքապետ 41-ամյա Գևորգ Փարսյանին։

Նա հայտնել է, որ վթարից հետո հուլիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ որևէ գործողություններ չեն կատարվել և գործը վերսկսվել է միայն իր դիմումից հետո ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հովհաննես Սարգսյանի կողմից, և վարույթն ընթացել է անօրինական, քանի որ Կապանի քաղաքապետը, գործով շահագրգիռ կողմ հանդիսանալով, կաշառք է տվել «Կապան» բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Բաբայանին, նույն բժշկական կենտրոնի բժիշկ Սարիկ Աթաջանյանին, Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հ. Սարգսյանին, ՀՀ քննչական կոմիտեի փորձագիտական ՊՈԱԿ-ի փորձագետ Ստեփանյանին և քրեական վարույթը հսկող դատախազ Գայանե Աղաջանյանին։

Ռ. Գալստյանը հայտնել է նաև, որ ինքը նախկինում հաղորդում է ներկայացրել նաև Գ. Փարսյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին՝ վերը նշված ծանր հանցագործության վերաբերյալ։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեռևս քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնել թե ոչ, և եթե նախաձեռնվի, ապա այն լինելու է «կաշառք տալ, ստանալ միջնորդություն» հատկանիշներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2025թ․ հուլիսի 1-ին ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում և վթարի մասնակիցներից մեկը Կապանի քաղաքապետի ազգականն էր:

Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել էին Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Արթուր Հ.-ի վարած «Opel» մակնիշի, 51-ամյա Ռոբերտ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և 31-ամյա Արկադի Հ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի վատոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Ռոբերտ Գ.-ն և Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Կապան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Աբելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանոթյան Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Արկադի Հ.-ն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի ազգականն էր և ըստ Կապանում տարածված լուրերի՝ նշված ավտոմեքենան շահագործվում էր քաղաքապետի ընտանիքի կողմից:

Մանրնամասները՝ shamshyan.com կայքում։