Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
copy image url

Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում

Միտք Ներքին 1 օր առաջ - 14:50 17-04-2025
Բոյկոտը բնորոշ է ընդդիմությանը, նրանց զինանոցից է։ Ապրիլի 16-ին «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցել Գյումրիի ու Փարաքարի ավագանու նիստերին։ Ի՞նչ անուն տալ այս բոյկոտին։ Կարելի՞ է ասել, որ սա ապապետական, փոքրոգի մոտեցում է։

Երբ քաղաքական ուժը հավաքում է բավարար թվով քվեներ, հաղթահարում ընտրական ցենզը, ապա վերցնում է մանդատներն ու գնում գործի։ Քաղաքական մեծամասնությունը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում, զբաղեցնում բարձր, ղեկավար պաշտոններ, տվյալ դեպքում՝ քաղաքապետ, իսկ փոքրամասնությունը դառնում է ընդդիմություն, որը նույնպես իշխանության մաս է, իրավունք ունի լույթներ ունենալ, նախագծեր առաջարկել, քննադատել, հարցեր բարձրացնել և այլն։ Սակայն Գյումրիում 14 մանդատ ունեցող ՔՊ-ն ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն, բոյկոտում է։

Ժողովրդավարական երկրներում քաղաքական բարոյականության տարրական նորմ կա։ Երբ ընտրություններում հաղթանակը ձեռք է բերվել օրինականորեն, ընտրական նորմերը չեն խախտվել հաղթողի կողմից, ապա ընտրությունների մասնակիցներն, առաջին հերթին մանդատ ստացած ուժերը պարտավոր են ճանաչել հաղթողին, շնորհավորել նրան։ Սակայն ՔՊ-ն ընտրում է բոյկոտը, արհամարհելով քաղաքական, ժողովրդավարական նորմերը։

Ի՞նչ հիմքով է ՔՊ-ն բոյկոտում։ Ի՞նչ հիմքով ՔՊ-ն ու Սարիկ Մինասյանը չեն շնորհավորում Վարդան Ղուկասյանին։ Մյուս ուժերը կեղծե՞լ են ընտրությունները, արտաքին միջամտությա՞մբ են ընտրվել, խախտվե՞լ է ընտրական օրենսգիրքը։ Եթե հիմք չկա, ապա կարելի՞ է ասել, որ ՔՊ-ն ընտրել է «բեսպրեդելը»։

ՔՊ ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ապրիլի 16-ին գրառում էր արել։ «Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է: Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից։ Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,- գրել է նա։

Ենթադրելի է, որ ՔՊ-ն ջանք է գործադրելու Սարիկ Մինասյանի ակնարկած ձախողումներ ու ճգնաժամ ստեղծելու հարցում։ Սա մտահոգիչ է։ Առավել մտահոգիչ է անեծք հիշեցնող անհասցե սպառնալիքը՝ «Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից»։ Ու՞մ երեխային է ուղղված այս սպառնալիքը՝ գյումրեցի ընտրողների՞, թե՞ Գյումրու ավագանու գործընկերների։ Եվ ընդհանրապես՝ երեխաներին ներքաղաքական հաշիվների մեջ ներքաշելը բարոյակա՞ն է։

ՔՊ-ի բոյկոտն ինչքան մտահոգիչ, նույնքան ծիծաղելի է, քանի որ ՔՊ-ն քաղաքական մեծմասնություն է ԱԺ-ում, ՔՊ-ն է քաղաքականություն որոշում երկրում։ Վարդան Ղուկասյանը տեղով կրակ դառնա, չի կարող հաշվի չառնել կառավարության դիրքորոշումը, ծրագրերը, կամքը։ Հետևապես՝ ՔՊ-ի բոյկոտն ուղղված է ժողովրդի ու երկրի դեմ։ Այսինքն՝ կասկած կա, որ ՔՊ-ն չի աշխատելու Գյումրու ավագանիում, կառավարությունը դոտացիաներ չի հատկացնելու քաղաքին և Գյումրիում չի իրականացնելու ծրագրեր։ Ժողովրդի՞ց են վրեժ լուծելու։

Ցավոք՝ Սարիկ Մինասյանի գրառումն ապացուցում է, որ ՔՊ-ն պարտվելուց հետո էլ ընտրել է ապաքաղաքական ճանապարհը։ Բոյկոտը, արհեստական ճգնաժամը, միայն վնաս կպատճառեն համայնքին։ Իսկ նոր, արտահերթ ընտրությունները կվատնեն հանրային միջոցները, քանի որ ՔՊ-ն, ենթադրաբար, կրկին կպարտվի։ Եվ ցավոք՝ անիրատեսական է լավատեսությունը, թե ՔՊ-ն խիզախություն կունենա խոստովանելու, որ Գյումրիում պարտվեց սխալ քաղաքականություն վարելու, ժողովրդավարական բարեփոխումներ չիրականացնելու, անկախության պաշտպանության ուղղությամբ անգործության, ժողովրդին մասերի բաժանելու և ատելություն գեներացնելու հետևանքով։

Կարճ ասած՝ Գյումրիում ՔՊ-ի բոյկոտն ապաքաղաքական, հակաժողովրդական, հակաժողովրդավարական վերաբերմունք է, որից տուժելու են ՀՀ քաղաքացին ու պետությունը։ Ուստի՝ եթե ՔՊ-ն միտումնավոր չի գործում ժողովրդի դեմ, ապա Սարիկ Մինասյանը կարող է շնորհավորել Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ, աշխատել նրա հետ, գործով ապացուցել, որ ՔՊ-ն գիտակցում է իր սխալներն ու փորձում ուղղել դրանք՝ ի շահ գյումրեցիների, Հայաստանի, ժողովրդավարության, ընդհանուր երջանկության։ Եվ երբ ժողովուրդը տեսնի ՔՊ-ի ազգանպաստ քայլերը, գուցե ընտրի նրան հաջորդ անգամ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է