Ինչպե՞ս ազատել Փաշինյանին ապապետական մտածողությունից
copy image url

Ինչպե՞ս ազատել Փաշինյանին ապապետական մտածողությունից

Ներքին Միտք 5 ամիս առաջ - 21:30 14-11-2024
2025-ի բյուջեի քննարկումների ամփոփման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ուշագրավ հայտարարություն արեց։ «Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր հավաքական սոցիալ մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է՝ մեր բոլորիս: Կամ եթե մի քիչ ավելի հասկանալի ձևակերպեմ՝ մեր ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, այն, ինչ պնդում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն կամ հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը»,- ասաց նա։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի մտածողությունն ապապետական: Եվ ինչպե՞ս կարելի է ազատել նրան ու թիմակիցներին ապապետական մտածողությունից։

Պետական մտածողության արմատավորման երկու ճանապարհ կա՝ ժառանգական և կրթական։ Ժառանգականն անցնում է հորից որդուն, դաստիարակվում է ընտանիքում, հայրական օրինակով, խրատներով, խորհուրդներով։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքում քաղաքական, պետական գործիչներ չեն եղել, հետևաբար պետական մտածողությունը նա չէր կարող ժառանգել պապերից։

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել քաղաքական գիտելիք ստանալ կրթվելու միջոցով։ ՀՀ-ում քաղաքական դպրոցները սաղմնավորման փուլում են։ Համակարգված կերպով չի մատուցվում քաղաքական գիտելիք։ Եվ Փաշինյանն ու իր թիմը չէին կարող կրթվել, պետական մտածողություն ձեռք բերել։ Նրանք այդպիսի խնդիր չեն էլ դրել իրենց առաջ, քանի որ զբաղված են միայն օրախնդիրներով, որոնց շարքում գլխավորն իրենց աթոռները պահպանելն է, հարկատուների միջոցները տնօրինելը։

Իսկ ինչո՞ւ է այսպիսի խոսույթ զարգացում Փաշինյանն այսօր։ 2023-ի սեպտեմբերի 24-ին նա հրապարակավ խոստացավ անկախության պաշտպանության շարժում սկսել։ Այդ հայտարարությունը հիմք հանդիսացավ, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն որոշեցին պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը ռուս-ադրբեջանական գրոհներից։ Եվ հիմա նա փորձում է գտնել արդարացում, թե ինչու ոչինչ չի անում այս ուղղությամբ, չի արդարացնում ՀՀ քաղաքացիների և արևմտյան գործընկերների ակնկալիքները։

Այս անգործության հարցում երկաթյա արդարացում է այն, որ խորհրդարանական ուժերը, նրանց համակիրները, և ընդհանրապես՝ քաղաքական համայնքը ապապետական մտածողություն ունեն։ Եվ այս է պատճառը, որ անկախության պաշտպանության հարցում հանդես չեն գալիս օրենսդրական նախաձեռնություններով, գործուն քայլերով։

Ապապետականից դեպի պետական մտածողություն անցումը դժվար չէ։ Իհարկե՝ անցյալ ապապետական դարերում, հատկապես՝ խորհրդային բռնազավթման շրջանում գեներացված ապապետական խոսույթն ու միտքը, որոնք ամփոփված են միլիոնավոր էջերում, որոշակի ճնշում են ՀՀ քաղաքացուն։ Սակայն այսօրվա քաղաքական գործիչներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը կարող են հաղթահարել այդ ճնշումն ու ՀՀ պաշտոնյային վայել դիրքորոշում արտահայտել, եթե ՀՀ անկախությունը դիտեն ամեն ինչից առաջ ու ամեն ինչից վեր, ելակետ և բարձրագույն արժեք, Աստծո նվեր, այլ կերպ ասած՝ առաջնորդվեն անկախության կանխավարկածով։

Այս պարզ բաները հասկանալն ապապետական մտածողությունից ազատվելու անհրաժեշտ պայմանն է։ Իսկ եթե դրանից հետո քաղաքական գործիչը անկախության պաշտպանության հարցում հանդես գա կոնկրետ նախաձեռնությամբ, համառ պայքարի դրա համար ու հասնի արդյունքի, ապա դրանից հետո նա լրիվ կապաքինվի ու ապապետական կարծիք կամ միտք չի հայտնի։

Պարզ ասած՝ ապապետական մտածողությունը հաղթահարելու համար ՔՊ-ն ու նրա առաջնորդը պետք է ՀՀ անկախության ամրացման ուղղված իրական քայլեր անեն։ Ուրիշ դեղ, դարման չկա։ Օրինակ՝ կարող են օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիա իրականացնելու և ռուսական գործակալներին կառավարման օղակներից դուրս թողնելու, ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, դեսովետիզացում իրականացնելու վերաբերյալ հարցեր։

Այս հարցերը այսօրվա իշխանության՝ թե՛ ՔՊ-ի, թե՛ խորհրդարանական ընդդիմության օրակարգում չկան։ Ուստի՝ Փաշինյանն իրավացի է, երբ ասում է, որ իրենք բոլորն ապապետական են։ Եվ ոչ թե անգիտակցաբար, այլ գիտակցաբար են ապապետական մտքեր արտահայտում, անգործություն ցուցաբերում անկախության ամրացման ուղղությամբ, քանի որ կաշկանդված են Մոսկվայի հետ ունեցած պայմանավորվածություններով, որոնցով խոստացել են Հայաստանը պահել ռուսական ազդեցության շրջանակում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին