«Թեպետ դա կառավարության որոշումն է, բայց նախաձեռնությունը գալիս է դրսից, և սա այն բացառիկ դեպքերից է, որ ես ողջունում եմ կառավարության քայլը, որովհետև Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ հզորությունների ատոմակայան։ ՀՀ-ի էներգետիկ համակարգն ավանդաբար խարսխված է եղել 3 հիմնական բաղադրիչների վրա, դա միջուկային էներգետիկան է, հիդրոէներգետիկան է և ջերմաէներգետիկան է, որը հինականում աշխատում է բնական գազով»,-այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վարչապետի որոշմանը։
«Առաջինը՝ ատոմայանի տեսական կշիռը տատանվել է 30-ից 40 տոկոս, մեր ընդհանուր էներգետիկ արտադրության կառուցվածքի մեջ։ Ատոմային կայանը մենք պետք է դիտարկենք որպես էներգետիկ առանցքային հենասյուն։ Երկրորդ՝ ինչով է կարևոր նոր ատոմակայան ունենալը այն պայմաններում, երբ մենք տեսնում ենք՝ մեր շուրջ բոլոր հարևանները, բացի Վրաստանից, այս կամ այն կերպ ձգտում են զարգացնել «խաղաղ ատոմի» ծրագրերը, Հայաստանն այստեղ պետք է պահպանի իր կարգավիճակը որպես տարածաշրջանի առանցքային էներգետիկ խաղացող, որպես միջուկային բլոկ ունեցող երկիր։ Դա շատ կարևոր ռազմավարական կարգավիճակ է։ Տարիներ շարունակ մասնավորապես 2018 թվականից ի վեր մենք տեսել ենք հակառակ գործընթացը։ Եվ միջուկային էներգետիկան մղվում էր հետին պլան, տարատեսակ խնդիրներ էին ստեղծում ատոմակայանի և միջուկային էներգետիկայի զարգացման համար։ Մենք այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանի կողմից կա արված շատ հստակ առաջարկ՝ 1000-ից 1200 ՄԳՎ հզորության ատոմակայան կառուցելու վերաբերյալ և այս առումով՝ իհարկե, շատ հեռանկարային է, որպեսզի Հայաստանը պահպանի իր կարգավիճակը որպես «խաղաղ ատոմ» զարգացված պետություն»։
Դավթյանը նշեց՝ նախկինում խոսք է գնացել մոդուլային կայանների կառուցման մասին, սակայն եթե կա ձգտում՝ կայանալ և պահպանել դիրքերը որպես զարգացած պետություն, պետք է նոր ատոմակայան կառուցել։
«Մենք պետք է հասկականք հետևյալը։ Ի՞նչ է նշանակում ատոմակայան․ դա նախևառաջ էլեկտրաէներգիա արտահանման հնարավորություն է։ Այստեղ է, որ մենք ունենք լուրջ խնդիրներ, մենք առ այսօր շահագործման չենք հանձնել Իրանի հետ կառուցվող երրորդ օդային բարձրավոլտ գիծը, մենք չունենք նոր բարձրավոլտ էլեկտրահողրդման գիծ Վրաստանի հետ՝ շարունակաբար կորցնելով մեր դիրքերը այդ երկու շուկայում։ Հետևաբանար զուտ էլեկտրաէներգիա արտադրող կայան կառուցելիս մենք պետք է նաև զարգացնենք արտահանման մարտավարությունը»։
Նրա խոսքով՝ ճիշտ էներգետիկ դիվանագիտություն իրակականցնենք, կկարողանանք էլեգտրաէներգիա արտահանում ապահովել դեպի Վրաստան և Իրան։
«Այսպիսին էր Խորհրդային Միությունից եկող մոդելը, երբ ատոմակայանը հանձնվեց շահագործման 70-80-ական թվականներին, նման ռազմավարություն էր իրականացնում, որ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանում իրականացվի տարբեր ուղղություններով»,-եզրափակեց Դավթյանը։